
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Հանձնարարվել է ՀՀ արտաքին գործերի նախարարին և ՀՀ պաշտպանության նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:
Համաձայնագրով նախատեսվում է, որ Կողմերն իրականացնելու են լիազորված մարմինների ղեկավարների մակարդակով հանդիպումներ, որի ընթացքում իրականացվելու են ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության արդյունավետության, համակարգման և փոխգործակցության գնահատումը:
Համաձայնագրի շրջանակներում Կողմերը գաղտնի տեղեկատվությունը փոխանակում են գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին առանձին միջազգային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև ապահովում են սույն համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվության պաշտպանությունը:
Կողմերը սույն համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվությունը չեն օգտագործում ի վնաս այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի և չեն կարող փոխանցել երրորդ կողմի՝ առանց համապատասխան տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության։
Կողմերը չեն իրականացնում նաև մյուս Կողմի դեմ ուղղված ռազմական հետախուզական գործունեություն։
Համաձայնագիրը միտված է երկկողմ ոլորտային համագործակցության ընդլայնմանը մի շարք ուղղություններով՝
- ռազմական հետախուզության ոլորտում կողմերի միջև համագործակցության իրավական հիմքի ստեղծում,
- ազգային անվտանգության ապահովման հարցում իրավիճակի վերլուծության և տեղեկատվության փոխանակման տնտեսական և այլ սուբյեկտների միջև տեխնոլոգիաների փոխանակում,
- ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության փոխադարձ փոխանակում: