ԱՄԷ կառավարությունը հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված վերջին զարգացումներին և ներկայիս իրավիճակին, որին մասնակցել են Պաշտպանության, Ներքին գործերի, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարությունների, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային մարմնի ներկայացուցիչները։
Մասնավորապես, Պաշտպանության նախարարությունը ասուլիսի ընթացքում ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև այն ջանքերը, որոնք ԱՄԷ գործադրում է իր ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու և քաղաքացիների ու բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Մասնակիցները հայտնել են նաև իրենց խորին ցավակցությունն և անկեղծ զորակցությունը նահատակվածների ընտանիքներին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում։ Նշվել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները որևէ պարագայում չի ընդունել և չի ընդունի իր ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ոտնձգություն, ինչպես նաև ընդգծվել, որ ԱՄԷ-ն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետ մղելու իր դեմ ուղղված ցանկացած ագրեսիա։
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ իրանական հարձակումների սկզբից ի վեր ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունը դիմակայել է երկրի ուղղությամբ արձակված 186 բալիստիկ հրթիռի։ Դրանցից 172-ը ոչնչացվել է, 13-ը՝ ընկել ծովը, իսկ մեկ բալիստիկ հրթիռ ընկել է երկրի տարածքում։ Բացի այդ, հայտնաբերվել է 812 իրանական անօդաչու թռչող սարք, որոնցից 755-ը ոչնչացվել է, իսկ 57-ը՝ ընկել երկրի տարածքում: Հայտնաբերվել և ոչնչացվել է նաև 8 թևավոր հրթիռ, ինչը որոշակի կողմնակի վնասներ է պատճառել։ Այս հարձակումների հետևանքով զոհվել է 3 մարդ, 68-ը ստացել են թեթև վնասվածքներ, իսկ քաղաքացիական մի շարք օբյեկտների պատճառվել է փոքր և միջին չափի նյութական վնաս:
Նշվել է նաև, որ պետության տարբեր շրջաններում լսվող ձայները բալիստիկ հրթիռների դեմ հակաօդային պաշտպանության համակարգերի արձագանքի և ԱՄԷ-ի կործանիչների կողմից անօդաչու և թևավոր սարքերի ոչնչացման հետևանք են։
Նախարարը պարզաբանել է նաև, որ հարևան երկրների հետ համակարգում է իրականացվել՝ բացելու հատուկ օդային ուղիներ արտակարգ իրավիճակների անվտանգ կառավարման նպատակով։ Բացի այդ, Ծոցի համագործակցության խորհրդի երկրները համագործակցում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հետ՝ ակտիվացնելու տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ծրագրերը նման ճգնաժամերի համար։
Նա հավելել, որ ներկայումս հասանելի արտակարգ երթուղիների թողունակությունը կազմում է ժամում 48 թռիչք, և առաջիկայում այդ թիվը կարող է աստիճանաբար աճել՝ կախված իրավիճակի զարգացումներից և անվտանգության գնահատականներից։ Նա նշել է նաև, որ ԱՄԷ-ն արդեն սկսել է սահմանափակ օպերացիոն գործողություններ՝ դյուրացնելու քաղաքացիների և ԱՄԷ-ում կացության կարգավիճակ ունեցողների վերադարձը հայրենիք։ Արդեն իրականացվել են թռիչքներ՝ ընթացիկ իրավիճակից տուժած ուղևորներին վերադարձնելու համար երկրի օդանավակայանների միջոցով։ Այդ գործընթացը իրականացվում է փուլերով։ Առաջին փուլում՝ 2026 թվականի մարտի 1-ից մինչ այժմ, ազգային ավիափոխադրողները իրականացրել են 60 թռիչք, որոնցով տեղափոխվել է 17,498 ուղևոր։ Հաջորդ փուլում նախատեսվում է իրականացնել օրական 80 պլանավորված թռիչք, որոնց միջոցով կտեղափոխվի ավելի քան 27,000 ուղևոր։
