ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին անդրադառնալով Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի առաջին օրը մարզ այցելության ճանապարհին «պեռաշկի» ուտելու մեղադրանքներին՝ ասել է, որ Հայաստանն ինստիտուցիոնալ երկիր է, և պետական ինստիտուտներն աշխատում են՝ անկախ նրանից, թե վարչապետը որտեղ է և ինչով է զբաղված:
«Վարչապետն ու կառավարությունը հոգ են տարել, որ այդ ինստիտուտներն աշխատեն: Ընդ որում, այն, ինչ տեղի է ունենում Իրանում, ձեզ համար նորություն է, Հայաստանի պետական ինստիտուտների համար նորություն չէ: Այս իրավիճակը տարիներով է զարգանում: Եթե հնարավորություն ունենայի՝ տասնյակ ուրիշ այդպիսի զեկույցներ կտեսնեիք, որոնք եկել, անցել են վարչապետի աշխատասեղանի վրայով համապատասխան ընթացակարգերով: Իհարկե, մենք շատ ցավում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում և շուրջը տեղի ունեցող իրադարձությունների համար, արտահայտել ենք, արտահայտում ենք»,-ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի ԱԽ-ն Իրանում ծավալվող իրադարձություններից և մի օր առաջ և մի օր հետո նիստ է ունեցել: Հայաստանի պաշտպանության նախարարն այդ նույն շաբաթ այցով եղել է Իրանում: Արտաքին հետախուզական ծառայությունն է զեկույցով հանդես եկել: ԱԽ-ի ներքո բավականին երկար ժամանակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը գործում է ամենօրյա ռեժիմով: