ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, ներկայացրեց կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացի վերջին տվյալները։ Նախարարի խոսքով՝ այս առավոտվա դրությամբ շուրջ 10 հազար քաղաքացի դեռ չի ընտրել կենսաթոշակի ստացման անկանխիկ տարբերակը։ Քանի որ մինչև ապրիլի 1-ը համակարգը պետք է ամբողջությամբ անցնի անկանխիկ եղանակի, վաղվանից այդ քաղաքացիները ավտոմատ կերպով կբաշխվեն չորս բանկերի միջև՝ հաշվի առնելով նաև նրանց բնակության վայրի աշխարհագրական հասանելիությունը։
Թորոսյանը տեղեկացրեց, որ արդեն կնքվել են համապատասխան համաձայնագրերը չորս բանկերի հետ, և շուտով կմեկնարկի քարտերի առաքման գործընթացը։ Նա հավաստիացրեց, որ որևէ քաղաքացի չի զրկվի իր կենսաթոշակը ստանալու իրավունքից։ Ավելին՝ ներդրվել են մեխանիզմներ, որոնց համաձայն՝ եթե առաքումը որևէ պատճառով ձախողվի, երկրորդ փորձը կիրականացվի միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների ներկայությամբ։ Անդրադառնալով մարզերում անկանխիկ առևտրի հասանելիությանը՝ նախարարը նշեց, որ տնտեսվարողները պարտավոր են ունենալ POS տերմինալներ և չեն կարող հրաժարվել քաղաքացիներին սպասարկել անկանխիկ եղանակով։ Նրա խոսքով՝ նման մերժումները ապօրինի են, և նախարարությունը պատրաստ է արձագանքել կոնկրետ դեպքերին, եթե ներկայացվեն տվյալներ։
Միևնույն ժամանակ Թորոսյանն ընդգծեց, որ կանխիկացման հնարավորությունը չի վերացվում, սակայն պետությունը չի խրախուսում այդ տարբերակը։