Հայ-վրացական գործակցությունն ուղղված է նաև խաղաղության հաստատմանը

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Վրաստան, որտեղ իր պաշտոնակից Իրակլի Կոբախիձեի հետ կնախագահի Հայաստան-Վրաստան տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Վրաստանի կառավարության աշխատակազմից փոխանցում են, որ երկու երկրների ղեկավարները դեմ առ դեմ հանդիպումից հետո հանդես կգան նաև մամուլի համար հայտարարություններով։ Վրացի պաշտոնյաները «Ռադիոլուր»–ի համար մեկնաբանել են վրաց-հայկական նորօրյա հարաբերությունները։

Վրաստան-Հայաստան տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 15-րդ նիստն այս անգամ հյուրընկալում է Վրաստանը։ Նախորդ նիստը մեկ տարի առաջ անցկացվեց Երևանում։ Ինչպես անցած անգամ այս նիստը ևս տեղի կունենա վարչապետների համանախագահությամբ։

Միջկառավարական այս նիստերը կարևոր հարթակ են երկու երկրների բազմաշերտ և բազմակողմ հարաբերությունների օրակարգը քննարկելու և գործակցության նոր հեռանկարներ և ձևաչափեր նախանշելու համար։

Տարածաշրջանային խաղաղությունը, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, հաղորդակցությունների ապաշրջափակումը, տնտեսական նախագծերը և երկկողմ ռազմավարական հարաբերությունների գործնականացումն են այս նիստի օրակարգային հարցերը։ Վրացի պաշտոնյաները «Ռադիոլուր»–ի հետ զրույցում փաստում են՝ վրաց-հայկական հարաբերություններն այսօր՝ ավելի քան երբևէ, աննախադեպ բարձ մակարդակի վրա են։

Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան, այժմ Վրաստանի խորհրդարանի իշխող ուժի պատգամավոր Թենգիզ Շարմանաշվիլին ընդգծում է․

«Մենք դարավոր ռազմավարական գործընկերներ ենք, թեև այդ մասին հռչակագիրը ստորագրել ենք բոլորովին վերջերս։ Մեր ժողովուրդները դարերի խորքից եկող յուրօրինակ բարեկամություն ունեն այնպես որ հայ-վրացական հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի, սակայն մենք այսօր այն փորձում ենք է՛լ ավելի ամրապնդել՝ մեր նոր սերնդին թողնելու հայ-վրացական ամուր բարեկամություն»։

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներ են արդեն երկու տարի։ Երևանն ու Թբիլիսին նախատեսում են այդ հռչակագրի շրջանակում հարաբերությունները զարգացնել բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև կրթություն և մշակույթ։

Բացի այդ՝ տարածաշրջանային նոր իրողությունների ֆոնին Թբիլիսին ողջունում է Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալու և մասնակցելու տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ու նոր նախագծերին։

Վրաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերությունը նաև պաշտպանության ոլորտում է։ Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է․

«Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչություններն ակտիվորեն գործակցում են մենք ռազմավարական գործակընկերներ ենք, ինչը նոր փուլ է մտցրել պաշտպանական ոլորտի գործակցությունը։ Եվ այս ամենը կարևոր է նաև մեր տարածաշրջանի խաղաղության համար»։

Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում կլինի մարտի 3-ի երեկոյան։

Նիկոլ Փաշինյանից բացի՝ հայկական պատվիրակության կազմում են վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արտաքին գործերի, կրթության և գիտության, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների և էկոնոմիկայի նախարարները։ Հիմնական միջոցառումները տեղի կունենան մարտի 4-ին։ Վրաստանի կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ երկու երկրների ղեկավարները դեմ առ դեմ հանդիպումից հետո հանդես կգան նաև մամուլի համար հայտարարություններով։

Leave a Comment