Հայաստանի Հանրապետության որդեգրած բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը շրջահայացություն է պահանջում հատկապես հակամարտությունների ժամանակ։ Իրանում և Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը որոշակի գործողություններ և քայլեր է ենթադրում Հայաստանի կողմից՝ պետական մակարդակով։ Շատ վերլուծաբաններ, գնահատելով իրավիճակը, կարծում են, որ Հայաստանը, պատկերավոր ասած, հայտնվել է երկու քարի արանքում, հետևաբար պաշտոնական Երևանը յուրաքանչյուր քայլ պետք է ծանրութեթև անի ու մանրակրկիտ ձևով հաշվարկի։
Պաշտոնական Երևանից Թեհրան հեռախոսազանգ է եղել, զրուցել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Արարատ Միրզոյանը Աբբաս Արաղչիին ցավակցություն է հայտնել գերագույն առաջնորդի և Իրանի քաղաքացիների նահատակության կապակցությամբ։ Նա նաև փոխանցել է Հայաստանի պատրաստակամությունը՝ տրամադրելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն։ Աբբաս Արաղչին իր հերթին հաստատել է, որ Իրանը լայնածավալ պատերազմի մեջ է և վրեժ կլուծի իր նահատակ առաջնորդի արյան համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այաթոլլահ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Հեռագրի վերջում ՀՀ վարչապետը խաղաղություն և տոկունություն է մաղթել բարեկամ Իրանի ժողովրդին։
Երևանի պաշտոնական և դիվանագիտական այս քայլերը չեն նշանակում, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը առանձնացնում է որևէ մի կողմի։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն է պարզաբանում․
«Ես կարող եմ ասել, որ մեր Արտաքին գործերի նախարարությունը աշխատում է բոլոր գործընկերների հետ, բոլորի հետ կապի մեջ է։ Մեզ համար առաջնահերթությունը, բնականաբար, ՀՀ քաղաքացիներն են այս ամեն ինչից տուժած տարբեր երկրներում։
ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը, բնականաբար, խիստ մտահոգված է տեղի ունեցողով։ Բոլոր հնարավոր սցենարները քննարկվում են, և ՀՀ–ն հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է ամեն ինչի հնարավորինս պատրաստ լինելու համար»։
Եռացող Մերձավոր Արևելքը Երևանին ստիպում է հաշվարկելու յուրաքանչյուր քայլ։ Հայաստանի անվտանգության խորհուրդը նիստեր գումարեց փետրվարի 27–ին, ապա նաև մարտի 1–ին։ Քննարկման մանրամասները չեն հաղորդվում։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը այս թեմայով քչախոս է, միայն հաստատում է, որ բոլոր հնարավոր հաշվարկներն արվում են ու հաշվի են առնվնում իրավիճակի փոփոխության բոլոր հնարավոր սցենարները։
«Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել և, բնականաբար, պատկան մարմինները մտահոգությունները փարատելու համար աշխատում են։ ՀՀ–ում խաղաղություն է և ցանկանում եմ, որ այս իրողությունը մենք հաշվի առնելով, շարժվենք առաջ, և խնդրում եմ՝ այդ տրամաբանությամբ իրողությունը գնահատեք»։
Տարածաշրջանային նոր պայթյունի պայմաններում Հայաստանի դիրքավորումը և քայլերը դրական է գնահատում իրանագետ Գեորգի Միրզաբեկյանը։
«Մեր պաշտոնական դիրքորոշումը ավելի քան համահունչ էր ստեղծված իրավիճակին։ Կարծում եմ` մեզ համար ամենակարևորը անվտանգային միջավայրն է։ Հաշվի առնելով, թե ինչ զարգացումներ են Իրանի դեմ, կարծում եմ, որ ամենակարևորը հիմա անվտանգային միջավայրի պահպանումն է, և, ինչպես ասում են՝ մեզ համար ամենակարևորը՝ պարզապես ուշի ուշով հետևել զարգացումներին»։
Վերլուծաբանները պակաս կարևոր չեն համարում, որ Իրանի դեմ ռազմական գործողություններից օրեր առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում էր, որտեղ հանդիպումներ էր ունեցել այն պաշտոնյաների հետ, որոնք այժմ սպանվել են։ Իրանագետ Գեորգի Միրզաբեկյանի գնահատականով՝ սա նույնպես հաջողված քայլ էր ռիսկերի նվազեցման տեսանկյունից, հատկապես երբ նաև TRIPP–ի և ամերիկյան կողմի ներկայության հետ կապված Թեհրանը մշտապես մտահոգություններ էր հայտնում։ Հետևաբար, ըստ վերլուծաբանի, Հայաստանը հայտնվել էր երկու քարի արանքում։
«Այն իմաստով, որ շատ լավ հարաբերություններ ունի և՛ Արևմուտքի՝ Միացյալ Նահանգների հետ` հաշվի առնելով բոլոր պայմանավորվածությունները, և՛ Իրանի հետ։ Այդ առումով Պապիկյանի այցը, ժամանակամիջոցը շատ կարևոր էր, և գուցե նաև դրանով էր պայմանավորված՝ երկուստեք կար խորհրդակցությունների կարիք։ Զարգացումների հետ կապված, կարծում եմ՝ Հայաստանի դիրքորոշումը շատ պարզ է, ինչպես նաև TRIPP–ի հարցում, որ նախ՝ զարգացումների մասով մենք տուրք ենք տալիս կայունությանը։ Իսկ TRIPP–ը չի վնասում այս կամ այն երկրի շահերին։ Գիտենք, որ Իրանը մշտապես ունեցել է մտահոգություններ, և կարծում եմ՝ ճիշտ էր այս ժամանակահատվածը օգտագործել այդ ուղերձները փոխանցելու, մտահոգությունները փարատելու հարցում»։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն իր հերթին ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա․
«Իրանը միակ երկիրն է պատմության մեջ, որ մի օրվա ընթացքում հարվածել է Ծոցի 7 պետությունների, որտեղ թիրախավորվել են ԱՄՆ 27 ռազմաբազաներ։ Հիմա գանք Հայաստանի Հանրապետություն։ Որևէ մեկին չթվա, որ այն, ինչ տեղի է ունեցել և չգիտենք` որքան կշարունակվի, իր ազդեցությունը չի ունենալու համաշխարհային դասավորության վրա։ Ավելին, նաև ուզում եմ ասել բոլորին, որ շատ–շատերը, որ ասում էին` Հայաստան–Իրան–Ռուսաստան, այս աղեղի վրա պետք է կառուցվի մեր անվտանգային համակարգը, այն մյուս մասերն էլ ասում էին` պետք է արևմտյան համակարգի վրա կառուցվի, հիմա բոլորը տեսնում են` եթե մենք արևմտյան համակարգի վրա կառուցեինք, մենք նույնպես թիրախավորվելու էինք, Հայաստանը հիմա ռմբակոծվելու էր ինչպես մյուս հարևան երկրներն են ռմբակոծվում։ Եթե հակառակը անեինք, հակառակում էլ էինք ունենալու պրոբլեմներ։ Այսինքն` մեր անվտանգային համակարգը շատ նուրբ է և մարտահրավերներով լի, միանշանակ որևէ հարցի պատասխան գոյություն չունի»։
Հայաստանյան ընդդիմությունը մտավախություն ունի, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից փորձի օգտվել Ադրբեջանը։ Բայց սա մտահոգություններից միայն մեկն է։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը, քաղաքականից բացի, ընդգծում է մարդասիրական և հատկապես տնտեսական վտանգները։
«Ընդհանրապես պղտոր ջրում միշտ էլ փորձում են ձուկ բռնել։ Այնպես որ, ես որևէ բան չեմ բացառում։ Կարծում եմ՝ ամեն դեպքում զինված ուժերը պետք է պատրաստվածության բարձր մակարդակի բերվեն։ Նայեք, եթե Իրանի հետ սահմանը երկար ժամանակ փակ լինի, պատերազմը հասկանում եք, չէ՞, նույնիսկ եթե դու բարով–խերով սահման անցնես, բա հետո պետք է կարողանաս Բանդար Աբբաս գոնե հասնես։ Այսինքն` եթե սահմանը փակվի, մենք էական տնտեսական կորուստներ ենք ունենալու, և այստեղ խոսքը միայն փոխադարձ առևտուրը չէ։ Իրանը հիմնական առևտրային ուղիներից մեկն է։ Բացասական արդյունքները ակնհայտ կլինեն, գումարած օդային փոխադրումների խաթարում կա։ Մյուսը, եթե ունենանք փախստականների ներհոսք, այդ մարդկանց պետք է կառավարել, չէ՞։ Մյուսն էլ՝ Հայաստանից մի 50 մետր ներքև պատերազմ է, չգիտես ինչ կարող է լինի։ Պատրաստի դեղատոմս հիմա չեմ կարող ասեմ, բայց խնդիր է, չէ՞»։
Թեև վերլուծաբանները հետևում և փորձում են հասկանալ ու գնահատել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, նաև ասում են, որ կանխատեսումները, միևնույն է, անորոշ են։ Այդ կանխատեսումներից մեկն էլ կապվում է մեկ այլ պատերազմի հետ։ Ենթադրություններ կան, որ Իրանում անօդաչու սարքեր արտադրող գործարանների ռմբակոծումը հետագայում էական ազդեցություն կարող է ունենալ նաև ռուս–ուկրաինական պատերազմի վրա։