Փոփոխություններ ավարտական քննությունների և փոխադրման կարգում – Live News

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման, սովորողների փոխադրման, ավարտման և բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրման կարգում:

Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ սովորողի հաջորդ դասարան փոխադրման, հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտման, ինչպես նաև գնահատման համար սահմանված են հետևյալ կարգավորումները։

Փոխադրում

  • 5-8-րդ և 10-11-րդ դասարաններ – բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։
  • 9-րդ դասարան – տարեկան 4-10 և ավարտական քննություններից 8-20 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։

Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանի հիման վրա՝ անկախ տարեկան գնահատականներից։

Ավարտում

12-րդ դասարան – ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և համարվում է հաստատությունն ավարտած:

Գնահատում

  • 2025-2026 ուստարում 1-4-րդ դասարաններում (Տավուշի մարզում՝ նաև 5-րդ դասարանի I կիսամյակ) սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից կիսամյակային և տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում՝ ինքնաշխատ եղանակով։
  • 2026-2027 ուսումնական տարվանից ՀՀ բոլոր հաստատությունների 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի I կիսամյակում գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով:

Մյուս դասարաններում տարեկան գնահատականները ձևավորվում են էլեկտրոնային մատյանում՝ կիսամյակային գնահատականների հիման վրա։

Վերաքննություն

  • 5-12-րդ դասարաններում տարեկան 1-3 միավոր ստացած սովորողը հանձնում է վերաքննություն՝ հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ը։

Վերաքննություններին չմասնակցելու կամ առնվազն երկու առարկայից կրկին 1-3 միավոր ստանալու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը (12-րդ դասարանում՝ չի ավարտում)։

Պետական ամփոփիչ ատեստավորում

  • 4-րդ դասարան ատեստավորումն իրականացվում է տարեկան բնութագրերի հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով։ Ցածր արդյունք ունեցող սովորողը փոխադրվում է 5-րդ դասարան և ընդգրկվում է երկարօրյա խմբում։
  • 9-րդ դասարան՝ ավարտական քննություններ՝
  • Հայոց լեզու (գրավոր թեստ)
  • Գրականություն և Հայաստանի պատմություն (էսսե)
  • Մաթեմատիկա (գրավոր թեստ)
  • Օտար լեզու (բանավոր)
  • Բնագիտություն (ընտրությամբ՝ թեստ կամ նախագծային աշխատանք)
  • Ֆիզկուլտուրա (ստուգարք)
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում՝ Ռուս գրականություն
  • Ազգային փոքրամասնությունների դասարաններում՝ մայրենի լեզու և գրականություն։
  • Թեստերը կազմում է ԳԹԿ-ն։ Քննություններից 1–7 միավոր ստանալու դեպքում սահմանվում է վերաքննություն (հուլիս/օգոստոս)։ Երկու առարկայից կրկնակի անբավարարի դեպքում սովորողը կրկնում է դասընթացը։
  • 12-րդ դասարան՝ պետական ավարտական քննություններ (հունվար/հունիս)՝
  • Հայոց լեզու և Հայ գրականություն (թեստ)
  • Մաթեմատիկա (թեստ)
  • Հայաստանի պատմություն (թեստ)
  • Ռուս գրականություն (ռուսերենով ուսուցմամբ դասարաններում)
  • Մայրենի լեզու և գրականություն (ազգային փոքրամասնությունների դասարաններում)։

Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին որևէ պատճառով չմասնակցելու կամ մասնակցելու և գնահատման 20 միավորային սանդղակով 20 միավորից պակաս գնահատված լինելու դեպքում 12-րդ դասարանի սովորողին հնարավորություն է տրվում տվյալ առարկայից ավարտական քննություն հանձնել նաև հունիսին: 12-րդ դասարանի սովորողն առնվազն մեկ առարկայից տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ հունիսին անցկացված պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում վերաքննություն է հանձնում իր հաստատությունում` տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը, իսկ մասնակցության անհնարինության կամ մասնակցելու և 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում՝ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում:

Էքստեռն կարգ

  • 19 տարին լրացած և հաստատությունից դուրս մնացած անձինք կարող են քննություններ հանձնել նույն կամ այլ հաստատությունում կամ էքստեռն կարգով։ Զորակոչվածները կարող են քննություններ հանձնել սահմանված հատուկ ժամկետներում։

Բացակայած սովորողի փոխադրում

  • 1-8 և 10-11-րդ դասարաններում տարեկան 200 ժամից ավելի բացակայության դեպքում սովորողը լրացուցիչ քննություններ է հանձնում բոլոր առարկաներից։
  • 9-րդ և 12-րդ դասարաններում 200 ժամից ավելի բացակայության դեպքում սովորողը լրացուցիչ քննություններ է հանձնում բոլոր առարկաներից։

Վերաքննություններին կամ լրացուցիչ քննություններին չմասնակցելու կամ առնվազն երկու առարկայից կրկին անբավարար ստանալու դեպքում սովորողը կրկնում է դասընթացը։

Լրացուցիչ քննական առաջադրանքները մշակում են հաստատության մեթոդմիավորումները (առնվազն 3 տարբերակ), հաստատում՝ տնօրենը։

Leave a Comment