Երևանն այդ զանգի՞ն էր սպասում, թե՞ Իրանն էր սպասում Հայաստանի ցավակցական ուղերձին. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը ի վերջո ցավակցել է Իրանի նախագահին՝ Գերագույն հոգևոր առաջնորդի, ղեկավարության մի շարք ներկայացուցիչների մահվան և քաղաքացիների շրջանում զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը մշտապես կհիշի Ալի Խամենեիի անձնական դերը հայ-իրանական հարաբերության զարգացման գործում:

Նիկոլ Փաշինյանը փաստորեն ցավակցում է Գերագույն հոգևոր առաջնորդի մահվան պաշտոնական հաստատումից գրեթե մեկուկես օր անց: Թե ինչով էր պայմանավորված այդ հապաղումը, դժվար է ասել: Հատկանշական է նաև, որ Փաշինյանի ցավակցության մասին տեղեկությունը հրապարակվում է անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանում Իրանի դեսպանատունը տեղեկություն տարածեց Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մասին:

Աբաս Արաղչին երեկ խոսել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Կարո՛ղ էր ինչ որ բանով պայմանավորված լինել այն, որ Հայաստանի ԱԳ նախարարի հետ նա խոսել է մեկ օր անց: Երևանն այդ զանգի՞ն էր սպասում՝ Հայաստանի բարձր մակարդակի ցավակցությունը հանրայնացնելու համար, թե՞ Իրանն էր սպասում Հայաստանի ցավակցական ուղերձին:

Բոլոր դեպքերում, այս դետալները միշտ արժանանում են ուշադրության և քաղաքականության մեջ խոսում ինչ որ բանի մասին: Բոլոր դեպքերում, հայ-իրանական հարաբերությունը չպետք է ունենա շատ թե քիչ զգալի որևէ թյուրըմբռնում»:

Leave a Comment