Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ելույթից առաջ Քնեսեթում ելույթ ունենալիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Հնդկաստանն ու Իսրայելը այլ պետությունների հետ կկառուցեն «երկաթե դաշինք»՝ «ծայրահեղական իսլամի դեմ»․ փոխանցում է Тhe Times of Israel-ը։
«Մենք միասին կկառուցենք երկաթե դաշինք ամբողջ մարդկությանը և ազատ ազգերին սպառնացող ծայրահեղական իսլամի դեմ, ազգերի դաշինք, որտեղ հավատում են առաջընթացին, մարդկային արժանապատվությանը և պատրաստ են պայքարել նրանց դեմ, ովքեր սրբացնում են մահը և ձգտում վերադարձնել մեզ միջնադարի մութ բարբարոսության», – ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Հնդկաստանին աջակցության համար։
«Հնդկաստանը աջակցում է Իսրայելին, քանի որ հասկանում է, որ Իսրայելը բարբարոսության դեմ պատնեշի դեր է խաղում», – եզրափակել է նա։