
Իշխանությունը շարունակում է զգուշացնել՝ թույլ չի տալու քաղաքական «Նոյյան Տապան» կառուցող Գագիկ Ծառուկյանի, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի և 2 -րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերին ընտրություններից հետո միավորվելով իշխանություն վերցնել, ինչպես որ տեղի ունեցավ Գյումրիում անցած տարի:
«Չպիտի թույլ տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին ու տեղական բելառուսամետ հակումներով օլիգարխին որոշել մեր երկրի ճակատագիրը», – ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Ծոծորակներդ կտեսնեք, Գյումրի 2 օպերացիա չեք տեսնի: Կարող եք Թևանյանի հետ հիմիկվանից դեպի Դոնբաս տոմսեր գնել», – նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանն արձագանքեց. «Նախ ինչ վերաբերում է տոմսերին, ապա կարծում եմ, որ ոմանք արդեն իսկ լուծել են իրենց հարցերը դեպի Անկարա կամ Բաքու մեկնելու առումով»:
Իշխանական շրջանակներում կրքերը էլ ավելի բորբոքվեցին, երբ ընտրություններին Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցելու մասին հայտարարած «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդը Հանրայինի եթերում պնդեց՝ «Գյումրի 2 են անելու»:
«Հայաստանի օլիգարխիկ ու հակաանկախական ընդդիմությունը փորձում է ամբողջ հանրապետությունում Գյումրի 2 օպերացիա անել: հայտնի դոմբասական Անդրանիկ Թևանյանը միավորվել է Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի ձևավորի այդ հակաանկախական ընդդիմադիր բլոկներից առաջինը», – նշեց Ալեքսանյանը:
Անդրանիկ Թևանյանն էլ ընդգծեց. «Դե իրենց վարքագիծը արդեն հուշում է՝ ինչի են անհանգստացել, որովհետև շատ լավ հասկանում են, որ էլեկտորալ առումով պարտվելու են: Հիմա եթե գնալու են ընտրակեղծիքների և էդ ճանապարհով թույլ չեն տալու, դա նշանակում է, որ իրենք հասարակական խժդժություններ ու բախումներ են ուզում հրահրել»:
Իշխանությունից հնչող զգուշացումներին ի պատասխան՝ «Մայր Հայաստանի» ղեկավար Թևանյանը հիշեցնում է՝ ընտրություններից հետո միավորվելու և իշխանությունը փոխելու մեջ որևէ հանցակազմ չկա: Ընդդիմադիրները նաև հիշեցնում են՝ նույն մեխանիզմով Երևանի քաղաքապետ ընտրվեց ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը, երբ նրան միացավ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը։
«Փաստացի իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է ընտրությունների միջոցով ժողովրդի քվեով իշխանության գալու նպատակ ունենալու համար», – ասաց Անդրանիկ Թևանյանը:
«Ամենայն հավանականությամբ ընդդիմադիր ուժերը կոալիցիա կկազմեն». Թևանյան
Ընտրություններին ԲՀԿ առաջնորդի հետ միասին մասնակցող «Մայր Հայաստանի» ղեկավարը բացում է փակագծերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ուժերը կմիավորվեն և կոալիցիա կկազմեն: Մոտ մեկ տարի առաջ Գյումրիում ընդդիմադիր ուժերը ընդամենը միավորվեցին, որ քաղաքապետ դառնա կոմկուսի թեկնածու, ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը, սակայն, քաղաքային իշխանության մաս չդարձան:
«Ինչ վերաբերում է Գյումրի 2 -ին, պատկերավոր ձևակերպում է, դա հետևյալն է, որ եթե ընդդիմադիր ուժերից որևէ մեկին չհաջողվի 50 և ավելի տոկոս հավաքել, այսինքն միանձնյա իշխանություն ստանձնել, ապա տեղի կունենա ուժերի միավորում, որը աշխարհում կոչվում է կոալիցիա: Եվ Խորհրդարանական կառավարումն էլ հենց ենթադրում է այդ կոալիցիա: Մեր կարծիքով՝ ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի, քանի որ դժվար է պատկերացնել՝ որևէ ուժ հավաքի 50+», – ասաց նա:
Թե ո՞ր ուժերի միջև, ի՞նչ համամասնությամբ և վարչապետի ի՞նչ թեկնածուով կոալիցիա կկազմվի, ըստ ընդդիմադիր գործչի, կորոշի ժողովրդի քվեն: Թևանյանի համոզմամբ՝ վարչապետի թեկնածուի հարցում խնդիր չի առաջանա, քանի որ ընդդիմության դաշտում մեկ միասնական օրակարգ կա՝ հեռացնել Փաշինյանի վարչակազմին և փոխել ներքին ու արտաքին օրակարգը:
«Ժողովուրդն է, ի վերջո, իր քվեով որոշելու՝ արդյոք Հայաստանը դառնում է արևմտյան Ադրբեջան, թե մնալու է Հայաստանի Հանրապետություն», – հայտարարեց Անդրանիկ Թևանյանը: