Արձագանքելով Բաքվում 16 էթնիկ հայերից վերջինի՝ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման վճռին՝ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Մարի Ստրութերսը հայտարարել է, որ դատապարտյալների դեմ դատավճիռները, որի կուլմինացիան Ռուբեն Վարդանյանինն էր, ոչ այլ ինչ է, քան «ֆարս»:
«Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր նման մի քանի քաղաքացիական անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատավարության երաշխիքների հետ: Մինչդեռ տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների, այս դատապարտումները վիրավորանք են միջազգային իրավունքի համաձայն հանցագործությունների բոլոր զոհերի համար»:
Մարի Ստրութերսն ընդգծել է, որ բազմաթիվ, չափազանց լուրջ հանցագործությունների համար մեղադրվող Ռուբեն Վարդանյանը և մյուս մեղադրյալները դատվել են գործնականում փակ նիստերի ժամանակ։ Դրանք հիմնված են եղել «ապացույցների» վրա, որոնք ներկայացվել են մեղադրվողների համար անհասկանալի լեզվով և որոնք բավարար չափով չեն թարգմանվել։ Նույնիսկ մեղադրանքները՝ միայն Վարդանյանի դեմ ավելի քան 40-ը, այդ թվում՝ «ահաբեկչություն» և «մարդկության դեմ հանցագործություններ», դատավարության ընթացքում լիովին հրապարակայնորեն չեն բացահայտվել։ Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել։
«Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու միջազգային իրավունքների համաձայն և ապահովի, որ հանցագործությունների համար մեղադրվող բոլոր անձինք դատվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշների լիարժեք համապատասխանությամբ»,- նշել է Ստրութերսը։