ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի գանգատը – Live News

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է քննության ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին փաստաբան Իրինա Դանիելյանի կողմից ներկայացված գանգատն և այն պաշտոնապես հաղորդել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը։

Պաշտպանները մանրամասնում են՝ դիմումը քննության է ընդունվել «well-established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձևավորել է կայուն և հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։ Այլ կերպ ասած՝ նմանատիպ իրավիճակներում խախտումները նախկինում բազմիցս արձանագրվել են դատարանի կողմից, և առկա է ձևավորված իրավական գնահատական։

Գանգատը վերաբերում է՝

▪ կալանքի` իրավաչափությանը,  տևողության հիմնավորվածությանը,

▪ դատարանների որոշումների պատճառաբանվածությանը,

▪ իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը շուրջ երեք տարի գտնվել է կալանքի տակ։ Սույն փուլում քննությունը վերաբերում է բացառապես Կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաև չի կանխորոշում դատավարության արդյունքը։

«Ի դեպ, հարկ ենք համարում հատուկ շեշտադրել նաև այն, որ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը նույնպես  վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել: Դատական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է»,-հայտնում է Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը։

Leave a Comment