
Չնայած «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն է, սակայն կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը:
«Կարապետյան Նարեկը հանդիսանալու է անցումային ժամանակահատվածի համակարգողը, երաշխավորը, որպեսզի իրականացվի սահմանադրական փոփոխությունը Ազգային ժողովի կողմից», – ասաց «Ուժեղ Հայաստանի» քաղխորհրդի անդամ Արամ Վարդևանյանը:
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց. «Հնարավոր չի իրենց ցնորամիտ, հակասահմանադրական, հակաժողովրդավարական, հակապետական, հակահայկական մտքերն իրականացնել»:
Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի և ոչ էլ պատգամավորի թեկնածու, քանի որ գործարարը Հայաստանից բացի, նաև Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացի է:
Սահմանադրության 148 -րդ հոդվածը հստակ սահմանում է՝ վարչապետի թեկնածուն վերջին 4 տարում պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի և վերջն 4 տարում մշտապես բնակված լինի Հայաստանում: Սա նշանակում է, որ Սամվել Կարապետյանը չի կարող ընդգրկվել «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում: Հետևաբար նորաստեղծ ուժը մտադիր է հաղթել ընտրություններում, որից հետո փոխել վարչապետին վերաբերվող սահմանադրական դրույթը և Սամվել Կարապետյանին վարչապետ դառնալու հնարավորություն տալ:
Մինչ այդ, նախատեսում են, որ անցումային ղեկավարի կամ վարչապետի պարտականությունը կատարի Նարեկ Կարապետյանը:
«Ճանապարհային քարտեզը հենց կայանում է նրանում, որ Նարեկը կգլխավորի ցուցակը, այնուհետև կգլխավորի հենց նաև Սահմանադրական փոփոխության գործընթացը», – ասաց Վարդևանյանը:
«Ազատության» հարցին՝ ստացվում է, որ նա պետք է լինի վարչապետ, հետո հրաժարական տա և վարչապետ նշանակվի Սամվել Կարապետյանը, սա՞ է սցենարը, նա պատասխանեց. «Ձեր նկարագրածը իրենից ենթադրում է անցումային համակարգողի և տրված խոստման երաշխավորի գործառույթ, ես ուզում եմ, որ մենք դրանք նայեք ոչ թե պաշտոնների ձևակերպումով, այլ գաղափարի»:
«Ուժեղ Հայաստան» կոչվող կուսակցությունը, որը հիմա անցումային համակարգողի կարգավիճակի մասին է խոսում, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նման բան նախատեսված չէ, հետևաբար այստեղ բոլոր հարցերը փակվում են: Հայաստանում այլևս անցել են այդ ժամանակները, երբ որ ԺԷԿ-ի թղթով կարող էիր գալ ու նախագահի թեկնածու դառնալ», – նշեց Արթուր Հովհաննիսյանը:
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ՔՊ-ն այսօր շտապել է արձագանքել Սամվել Կարապետյանին վարչապետ դարձնելու «Ուժեղ Հայաստանի» այս սցենարին, պնդելով, թե Նարեկ Կարապետյանին անցումային ղեկավար կարգելով ուղղակի մոլորեցնում են հանրությանը:
«Եկել են մեր ժողովրդին ինչ են խաբում, ինչո՞ւ են մոլորեցնում և ինչո՞ւ են փորձում դաշտ նետել մի անուն, որի շուրջ կփորձեն բարեգործական իմիտացիներով հավաքել ընտրազանգված», -նշեց Արուսյակ Մանավազյանը:
Արձագանքելով իշխող ՔՊ -ից հնչող քննադատություններին՝ «Ուժեղ Հայաստանի» քաղխորհրդի անդամ Արամ Վարդևանյանը հակադարձում է՝ իրենք ի տարբերություն այսօրվա իշխանությունների, հանրությանը բաց ներկայացնում են իրենց ծրագիրը:
«Ես չեմ տեսել թույլատրելի մի իրավական ռեժիմ, որ օրինակ՝ կուսակցության նախընտրական ծրագրում ներկայացվի, որ Արցախը պետք է լինի հայկական, պետք է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա իրականացվի, այնուհետև ճիշտ հակառակը կատարվի, Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում ու դրանից հետո խոսել մոլորության մասին», – նշեց Վարդևանյանը:
Փաշինյանը 2018-ին148 -րդ հոդվածը «վնասակար և վտանգավոր էր համարում»
Ինչ վերաբերում է խորհրդարանի միջոցով Սահմանադրական դրույթը փոխելու իրենց մտադրությանը, ապա «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը հիշեցնում է՝ ոչ վաղ անցյալում, դեռևս 2018-ին, հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր պնդում, որ Սահմանադրության 148 -րդ հոդվածը պետք է փոխվի:
«Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք պարտադիր կերպով պետք փոխել, օրինակ, ասվում է, որ կառավարության անդամ կարող է լինել… վերջին 4 տարում պետք է լինեն ՀՀ քաղաքացի և մշտապես բնակվի Հայաստանում, սա սահմանափակումներ է դնում սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու համար», – հայտարարել է Փաշինյանը:
«Ինչպես իրավացիորեն ժամանակին հենց Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ 148-րդ հոդվածն իսկապես խնդրահարույց հոդված է Սահմանադրության մեջ տեղ գտած՝ իր իսկապես անտեղի սահմանափակումներով», – ընդգծեց Արամ Վարդևանյանը:
Ի դեպ, «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավի ընթացքում ունենալու է Սահմանադրության փոփոխության նախագծի իր տարբերակը, որը կներկայացվի հանրությանը: