11 փետրվարի 2026 – 13:42 AMT
PanARMENIAN.Net – Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն իրենց որոշումներում հաշվի կառնեն Իրանի դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ Թեհրանը պարբերաբար ներկայացնում է իր տեսակետներն ու առաջնահերթությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարությանը՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին ով է այց կատարում այդ երկրներ։
Բաղային ընդգծել է, որ Իրանը հանդես է գալիս հարևան պետությունների միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ընդլայնման օգտին, սակայն անընդունելի է համարում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վտանգ ներկայացնել սահմանների կայունության համար, հայտնում է Sputnik Արմենիան:
«Երկու հարևան պետություններն էլ տեղյակ են այս հարցերի վերաբերյալ Իրանի մոտեցումների և մտահոգությունների մասին։ Մենք ակնկալում ենք, որ ցանկացած որոշում կայացնելիս այդ նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն»,- ասել է նա։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի առանցքային թեմաներից մեկը TRIPP-ն էր։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագիծը ենթադրում է 43 կիլոմետրանոց երկաթգծի կառուցում, որն առաջին փուլում պետք է կապի Ադրբեջանն ու Նախիջևանը, իսկ հեռանկարում՝ ինտեգրվի «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» միջանցքներին։
Այն նախատեսում է ընկերության ստեղծում ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով, իսկ Հայաստանը վերահսկողության մեխանիզմներ կունենա վերահսկողական մեխանիզմներ սկզբունքային հարցերի վերաբերյալ։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74% բաժնեմաս, Հայաստանին՝ 26% (համաձայնագրի երկարաձգման դեպքում բաժնեմասը մինչև 49% հասցնելու հնարավորությամբ)։