ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված կաշառք տալու հանցակազմում օրենսդիրը, որպես այդ հանցանքը որակյալ դարձնող հանգամանքներ, դիտարկել է «խոշոր չափը եւ առանձնապես խոշոր չափը»: Միեւնույն ժամանակ, գործնականում «խոշոր կամ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու» որակում վարույթ իրականացնողների կողմից հնարավոր չի եղել տալ, քանի որ օրենսգրքում բացահայտված չէ, թե որոնք են նշված հոդվածի համար «խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը»: Օրենսդրական բացի կապակցությամբ նաեւ Վճռաբեկ դատարանն է իրավական դիրքորոշում հայտնել: Այս մասին ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ՀՀ ԱԺ փետրվարի 10-ի հերթական նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Նախագծով առաջարկվում է լրացնել այդ բացը»,- ասել է հիմնական զեկուցողը՝ մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները:
Հաջորդ փոփոխությունները վերաբերում են վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն, հիվանդության հետեւանքով պատժից ազատելուն կամ պատիժը հետաձգելուն:
Առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում կլուծվեն առկա օրենսդրական բացերը:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ այն քննարկվել է դատական իշխանության գործընկերների հետ, տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ: