Առաջարկվում է ներդնել բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է լիազորությունների լայն շրջանակ եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություններ ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար բարեվարքության ստուգման կառուցակարգերի ներդրման, Հայաստանի Հանրապետության՝ միջազգային պարտավորություններով ստանձնած հանձնառությունների իրագործման, Կառավարության կողմից ընդունված ռազմավարական փաստաթղթերով սահմանված առաջնահերթությունների կատարման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, ինչպես նաեւ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների եւ նախարարների տեղակալների համար:

Ակնկալվում է, որ իրականացնելով բարեվարքության ստուգումներ՝ հնարավոր կլինի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, ինչն ուղղակիորեն կբարձրացնի հանրային վստահությունը պետական պաշտոնատար անձանց նկատմամբ: Ըստ հիմնավորման՝ բարեվարքության ուսումնասիրությունը կավելացնի հանրային պաշտոններում նշանակվող անձանց հաշվետվողականությունը եւ հանրային վերահսկողության մակարդակը:

Սահմանվում է, որ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, ինչպես նաեւ նախարարների տեղակալների՝ պաշտոնի ստանձնման հայտարարագիր ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է իրականացնի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն:

«Ուսումնասիրությունը ներառելու է նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների՝ պաշտոնի ստանձնման հայտարարագրերի վերլուծություն՝ համադրված նույն անձանց նախորդ հայտարարագրերի տվյալների հետ»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ իրականացված բարեվարքության ուսումնասիրության արդյունքների հիման վրա ԿԿՀ-ն պետք է տրամադրի բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություն: Այն պետք է ներառի անձի գույքային դրության եւ մասնավոր շահերի տեսանկյունից հնարավոր ռիսկերն ու դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկները: Գեւորգ Քոչարյանը նշել է, որ տրամադրվելիք եզրակացությունը հրապարակային չի լինելու եւ կրելու է խորհրդատվական բնույթ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր, այն ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հարակից զեկուցողն առաջարկել է, որ բարեվարքության ստուգում անցնեն այլ պաշտոնատար անձինք եւս:

Նախաձեռնությունը քննարկվել է փետրվարի 10-ին` ԱԺ հերթական նիստում:

Leave a Comment