Օրական չորս և ավելի ժամ թվային սարքեր օգտագործող երեխաները հոգեկան խանգարումների զարգացման առումով ունեն նշանակալիորեն ավելի բարձր ռիսկ

Վերջին տարիներին համաշխարհային բժշկական հանրությունը առավել հաճախ է անդրադառնում աճող սերնդի առողջական վիճակի համակարգային և բազմագործոն վատթարացման խնդրին։ ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի ներկայացմամբ, խոսքը վերաբերում է ոչ միայն առանձին հիվանդությունների տարածվածության աճին, այլև վարքաբանական, միջավայրային և կենսաբանական գործոնների փոխկապակցված համակարգի ձևավորմանը, որը երկարաժամկետ լուրջ սպառնալիք է ներկայացնում հանրային առողջության համար։

Փաստացիորեն տեղի է ունենում «մանկություն» հասկացության խորքային վերաիմաստավորում եթե դեռևս մի քանի տասնամյակ առաջ մանկությունը բնութագրվում էր բարձր ֆիզիկական ակտիվությամբ, ինտենսիվ սոցիալական փոխազդեցությամբ և օրգանիզմի բնական ադապտացիոն մեխանիզմների ձևավորմամբ, ապա ներկայում առավել հաճախ դիտվում է անցում դեպի թվային միջավայրով պայմանավորված մեկուսացում և օրգանիզմի ֆունկցիոնալ ռեզերվների աստիճանական նվազում։

Այսօր երեխաները ժամանակի զգալի մասը անցկացնում են փակ տարածքներում, ունեն շարժողական ցածր ակտիվություն, արտաքին աշխարհի հետ փոխազդում են հիմնականում թվային սարքերի միջոցով և վաղ տարիքից որդեգրում նստակյաց կենսակերպ։ Նշված միտումները աստիճանաբար հանգեցնում են սոցիալապես առավել մեկուսացված և ֆիզիկական ու սոցիալական բեռնվածություններին նվազ հարմարվող երեխաների նոր սերնդի ձևավորմանը։

Բժիշկները, մասնավորապես մանկական սրտաբանները, նշում են, որ հիպոդինամիայի հետևանքները սկսում են դրսևորվել արդեն վաղ մանկական տարիքում։ Առավել հաճախ արձանագրվում են վեգետատիվ կարգավորման խանգարումներ, զարկերակային ճնշման լաբիլություն, սրտի ռիթմի ֆունկցիոնալ խանգարումներ և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ ցածր տոլերանտություն։ Աճող օրգանիզմի համար շարժումը կենսական նշանակություն ունեցող ֆիզիոլոգիական խթան է, որն ապահովում է սիրտանոթային և այլ համակարգերի լիարժեք զարգացումը, մինչդեռ դրա պակասը հանգեցնում է ադապտացիոն հնարավորությունների սահմանափակման։

Կլինիկական դիտարկումները հաստատվում են նաև միջազգային լայնածավալ հետազոտությունների արդյունքներով։ ԱՀԿ զեկույցի համաձայն, որը հիմնված է 146 երկրներում իրականացված հարցումների տվյալների վրա, 11–17 տարեկան դեռահասների 81,0%-ը չի հասնում ֆիզիկական ակտիվության առաջարկվող մակարդակին՝ օրական առնվազն 60 րոպե միջին կամ բարձր ինտենսիվության ակտիվության։ Միաժամանակ արձանագրվում է արտահայտված սեռային անհամամասնություն ֆիզիկական անբավարար ակտիվությունը դիտվում է տղաների 77,6%-ի և աղջիկների 84,7%-ի մոտ։ Առանձնահատուկ մտահոգիչ է դրական դինամիկայի գրեթե լիակատար բացակայությունը։ 2001–2016 թվականների ընթացքում ֆիզիկական պասիվության տարածվածությունը տղաների շրջանում նվազել է ընդամենը 2,5 տոկոսային կետով, իսկ աղջիկների մոտ փոփոխություններ չեն արձանագրվել։

Համաձայն 2019 թ-ին մեր երկրում իրականացված հետազոտության արդյուքների՝ ՀՀ-ում օրական 60 րոպե միջինից բարձր ինտենսիվությամբ ֆիզիկական ակտիվություն ունեցել է դեռահասների ընդամենը 22,5%-ը։

Շարժողական ակտիվության նվազումը սերտորեն պայմանավորված է այսպես կոչված «էկրանային սերնդի» ձևավորմամբ։ Թվային միջավայրը դարձել է երեխաների առօրյա կյանքի անբաժանելի մաս՝ հաճախ փոխարինելով կենդանի հաղորդակցությանը, խաղային գործունեությոնը և բացօդյա ֆիզիկական ակտիվությանը։ Այս երևույթի տարածվածությունն ու դրա հոգեհուզական հետևանքները հաստատվում են միջազգային լայնածավալ հետազոտություններով։

ԱՄՆ-ում իրականացված «Երեխաների առողջության ազգային հետազոտության» տվյալների վերլուծությունը, որն ընդգրկել է 6–17 տարեկան 50 231 երեխա, արձանագրել է ուղղակի փոխկապակցվածություն էկրանի առջև անցկացվող ժամանակի և հոգեբանական ու վարքաբանական խանգարումների զարգացման միջև։ Պարզվել է, որ օրական չորս և ավելի ժամ թվային սարքեր օգտագործող երեխաները, որոնք կազմում են ուսումնասիրված պոպուլյացիայի 31,7%-ը, հոգեկան խանգարումների զարգացման առումով ունեն նշանակալիորեն ավելի բարձր ռիսկ՝ համեմատած այն երեխաների հետ, որոնց գաջեթների օգտագործման տևողությունը սահմանափակվում է մեկ ժամով։

Մասնավորապես, դեպրեսիայի զարգացման հավանականությունը աճում է 65%-ով, տագնապային խանգարումների՝ 45%-ով, վարքաբանական խանգարումների՝ 17%-ով, իսկ ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշի՝ 21%-ով։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ թվային սարքերի օգտագործումը սկսվում է արդեն վաղ մանկական տարիքում։ 2025 թվականին հրապարակված հետազոտության արդյունքները վկայում են, որ մեկից հինգ տարեկան երեխաների շրջանում թվային սարքերի հետ փոխազդեցությունը լայն տարածում ունի, իսկ 24–42 ամսական երեխաների 63%-ը գերազանցում է գաջեթների օգտագործման համար սահմանված տարիքային առաջարկվող սահմանաչափերը։ Սմարթֆոններն ու պլանշետները գնալով ավելի հաճախ կիրառվում են ոչ միայն որպես ժամանցի միջոց, այլև որպես հուզական ինքնակարգավորման գործիք՝ մասնակիորեն փոխարինելով կենդանի հաղորդակցությունն ու խաղային գործունեությունը։

Ամենակարևորներից մեկը ֆիզիկական ակտիվության նվազումն է։ Վիճակագրական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շարժման պակասը կարող է բացատրել գաջեթների չափից ավելի օգտագործման և հոգեկան առողջության վատթարացման միջև առկա կապի մոտ 30,2–39,3%-ը։

Թվային միջավայրի բացասական ազդեցությունը իրականացվում է մի քանի փոխկապակցված մեխանիզմների միջոցով։ Առավել նշանակալի մեխանիզմը ֆիզիկական ակտիվության սահմանափակումն է։ Համաձայն վիճակագրական մոդելավորման արդյունքների՝ շարժման պակասը կարող է բացատրել գաջեթների չափից ավելի օգտագործման և հոգեկան առողջության վատթարացման միջև առկա կապի մոտ 30,2–39,3%-ը: Մյուս կարևոր միջնորդ գործոնը քնի խանգարումներն են։ Քնի ռեժիմի անկանոնությունը պայմանավորում է նշված փոխկապակցվածության ևս 18,2–25,7%-ը։ Քնի տևողության կրճատումը բացասաբար է անդրադառնում ճանաչողական գործառույթների վրա՝ ներառյալ ուշադրությունը, աշխատանքային հիշողությունը և տեղեկատվության մշակման արագությունը, ինչպես նաև կապված է ագրեսիվության և վարքաբանական խանգարումների աճի հետ։ Դեռահասների կողմից գիշերային ժամերին թվային սարքերի օգտագործումը ուղիղ կապ ունի ակադեմիական առաջադիմության նվազման, քրոնիկ հոգնածության և հուզական անկայունության հետ։

Թվային միջավայրում մշտական գտնվելու պարադոքսալ հետևանքներից է սոցիալական մեկուսացման խորացումը։ Չնայած վիրտուալ հաղորդակցության հասանելիությանը՝ երեխաներն ավելի հաճախ են զգում արտահայտված միայնակություն։ Բազմաթիվ հետազոտությունների արդյունքների վերլուծությունը հաստատում է միայնության կայուն կապը դեպրեսիայի և տագնապային խանգարումների զարգացման հետ, ընդ որում սոցիալական մեկուսացման տևողությունը ավելի մեծ ազդեցություն ունի, քան դրա ինտենսիվությունը:

Ցածր ֆիզիկական ակտիվության և հոգեհուզական խանգարումների ֆոնին արձանագրվում է նաև նյութափոխանակային հիվանդությունների, մասնավորապես ճարպակալման տարածվածության աճ։ Դեռահաս աղջիկների շրջանում իրականացված բազմաբաղադրիչ բուժական ծրագրերի արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ հինգամսյա ինտենսիվ միջամտությունները՝ մանկաբույժների, սննդաբանների և հոգեբանների մասնակցությամբ, հանգեցնում են մարմնի զանգվածի ինդեքսի միայն չափավոր նվազման։ Այս տվյալները վկայում են արդեն ձևավորված ճարպակալման բուժման բարդության մասին և ընդգծում կանխարգելման անհրաժեշտությունը։

Լրացուցիչ խնդիր է նաև զանգվածային կոլեկտիվ առողջարարական պրակտիկաների աստիճանական վերացումը։ Նախկինում ամառային ճամբարները, առողջարանային բուժումը և կազմակերպված հանգիստը նպաստում էին ոչ միայն երեխաների ֆիզիկական ակտիվությանը, այլև իմունային և ադապտացիոն մեխանիզմների ձևավորմանը։ Ներկայում նման ծրագրերին երեխաների մասնակցությունը զգալիորեն նվազել է, ինչի հետևանքով աճում է վարակիչ հիվանդությունների նկատմամբ զգայունությունը։

Վիճակն ավելի է բարդանում պատվաստումներից ծնողների հրաժարումներով։ Պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշների նվազումը հանգեցնում է կոլեկտիվ իմունիտետի կորստին և նախկինում վերահսկվող վարակների վերադարձին։

Լրացուցիչ ռիսկի գործոն է ծնողների կողմից երեխաների ինքնուրույն բուժումը և հակաբիոտիկների չկարգավորված կիրառումը՝ հատկապես վիրուսային վարակների դեպքում, ինչը նպաստում է հակաբիոտիկակայունության ձևավորմանը և ծանր վարակային բարդությունների ռիսկի աճին։

«Այսպիսով, աճող սերնդի առողջության վատթարացումը պայմանավորված է մի շարք գործոնների համակցված ազդեցությամբ։ Գաջեթների չափից ավելի օգտագործումը նվազեցնում է շարժողական ակտիվությունը և խաթարում քնի ռեժիմը, սոցիալական մեկուսացումը խորացնում է դեպրեսիվ միտումները, ոչ ռացիոնալ սնունդը նպաստում է նյութափոխանակային խանգարումների կայունացմանը, իսկ պատվաստումներից հրաժարումը և հակաբիոտիկների չկարգավորված կիրառումը մեծացնում են վարակային վտանգները։ Արդյունքում ձևավորվում է առողջական և ադապտացիոն նվազեցված պոտենցիալ ունեցող սերունդ։

Ստեղծված պայմաններում երեխաների առողջությունը դուրս է գալիս ընտանիքի անհատական պատասխանատվության շրջանակներից և վերածվում հասարակության ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսի։ Դրա պահպանումը պահանջում է համալիր կանխարգելիչ քաղաքականության իրականացում՝ ուղղված ֆիզիկական ակտիվության խթանմանը, սոցիալական փոխազդեցության պահպանմանը և գիտահեն բժշկության նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը»,- նշում են «Հերացի» կենտրոնից։

Leave a Comment