Քրեական գործ՝ 27 միլիոն դրամ հարկերի չվճարման և մաքսային հսկողությունից խուսափելու համար

Փետրվարի 6-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է հարուցվել ապօրինի ծխախոտների ներմուծման և մաքսային հարկերի չվճարման դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է Գոռ Գասպարյանին։  Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Դեպքի հանգամանքները

Ռ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առանձնապես խոշոր չափերով՝ 27.304.213 ՀՀ դրամի հարկեր և տուրքեր չվճարելու նպատակով 2024 թվականի հոկտեմբերի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից մաքսային հսկողությունը թաքցնելու եղանակով Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծել է տարբեր տեսակի ծխախոտներ և մաքսային վճարները չվճարելու նպատակով օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել համապատասխան մաքսային հայտարարագիրը։

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

Ռ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 290 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment