Դարբնիկում գտնվող սոցբնակֆոնդի ընտանիքներին բնակարանից դուրս գալու պահանջ չի եղել. Նվեր Կոստանյան

Որոշ լրատվամիջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակել այն մասին, թե իբր՝ ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում գտնվող սոցիալական բնակֆոնդի բնակիչներին ստիպում են ազատել իրենց բնակարանները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։

«Տեղեկացնում ենք, որ որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել:

Տվյալ ընտանիքներին առաջարկված նոր պայմանագրերի կնքումը պայմանավորված է բացառապես իրավական փոփոխություններով․ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների կացարանով ապահովման ծառայությունների կանոնակարգումը վերապահվել է «Օթևան» ՊՈԱԿ-ին, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ծառայությունների հետագա մատուցումը կազմակերպել նախարարության որդեգրված քաղաքականության և ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և մանրամասն պարզաբանում կտրվի նաև տվյալ ընտանիքների հետ նախատեսվող հանդիպման ընթացքում»,-գրել է նա։

Leave a Comment