7 փետրվարի 2026 – 15:24 AMT
PanARMENIAN.Net – Երևանի Գրիբոյեդովի փողոցում գտնվող նորակառույց «Կոմիտաս պարկի» շենքերի բազմաթիվ բնակիչներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ շենքի բակում բարձրաձայնելով իրենց կուտակված խնդիրները և պատասխանատու մարմիններից պահանջելով լուծումներ։
Պարկի 7-րդ մասնաշենքի բնակիչներից մեկն ընդգծել է, որ իր բնակարանը, որի հանձնումը նախատեսված է եղել դեռևս 2023 թվականի դեկտեմբերին, տրամադրվել է մոտ երկու տարի ուշացումով։ Թեև բնակիչները համաձայնել են հետաձգմանը, այժմ կանգնած են լուրջ խնդրի առաջ՝ շենքում չկա գազամատակարարում, հայտնում է Panorama.am-ը:
«Մեզ ասացին, որ անցած տարվա դեկտեմբերին պետք է լինի գազամատակարարում, հետո՝ հունվարին։ Հիմա ունենք իրավիճակ, երբ ոչ մի գործ չի արվել, մենք գազ չունենք»,–ասել է բնակիչը, որը խնդրի պատճառով չի կարողանում տեղափոխվել իր նոր բնակարան։
Բնակիչների խոսքով՝ թե՛ կառուցապատող ընկերությունից, թե՛ «Գազպրոմից» հստակ պատասխաններ չեն ստանում, իսկ անորոշությունը շարունակվում է։
Նորակառույց շենքերից մեկում հունվարի 1-ից ապրող Ասյա Գյուրջյանը նշել է, որ շենքն ունի ավարտական ակտ, սակայն շահագործման ակտ դեռևս չի տրվել։ Դրա հետևանքով բնակիչները չունեն նաև բնակարանների սեփականության վկայականներ։
«Բայց այս պահին ամենակարևոր խնդիրը գազամատակարարման բացակայությունն է։ Եղել է դեպք, կան նկարներ, երբ կոյուղատարը սառել, պայթել է՝ լցվելով նոր վերանորոգված բնակարաններից մեկը, պատճառելով մեծ վնաս։ Դրա համար մենք ստիպված հունվարից եկել, այստեղ ենք բնակվում, ջեռուցում ենք, որ նման խնդրի առաջ չկանգնենք»,–ասել է Գյուրջյանը։
Նրա խոսքով՝ քանի որ բնակարաններ ձեռք բերած քաղաքացիների մի մասն օգտվել է պետական աջակցության ծրագրերից, պետությունն այս հարցում ևս հանդիսանում է կողմ։
«Մենք սա հաշվի առնելով գրություններ ենք ուղարկել վարչապետի աշխատակազմ, քաղաքաշինության կոմիտե, այլ պետական մարմիններին, նրանք էլ դժվարանում են պատասխաններ տալ, քանի որ կառուցապատող ընկերությանը՝ «Ord.development»-ին ուղղված նամակաները մնում են անպատասխան։ Մենք ենք փորձել կառուցապատողի հետ հանդիպել դեռ անցած տարվա նոյեմբերին, խոստացել են 4-5 օրվա ընթացքում մեզ պարզաբանումներ տալ, բայց մինչ օրս մեր բոլոր գրություններն անպատասխան են»,–ասել է բնակիչը։
Նրա խոսքով՝ կառուցապատողին առաջարկել են կազմակերպել եռակողմ կամ քառակողմ հանդիպումներ, սակայն ընկերությունն այդ առաջարկները մերժել է։ Միաժամանակ բնակիչները տեղեկացել են, որ գազամատակարարման համար կառուցված խողովակաշարը չի համապատասխանում «Գազպրոմի» տեխնիկական պահանջներին, մինչդեռ կառուցապատողը պնդում է, թե գործել է օրենքի շրջանակում։
«Ord.development» ընկերության փոխտնօրեն Արսեն Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ 2023–24 թվականներին Երևանում առաջացած գազի ճնշման ու ծավալների հետ կապված խնդիրները պայմանավորված են եղել նորակառույց շենքերի թվի կտրուկ ավելացմամբ։
«2023-24 թվականներին Երևանում լուրջ խնդիրներ առաջացան գազի ճնշման ու քանակների հետ՝ պայմանավորված բավականին մեծ թվով նորակառույցների հետ։ Բավականին երկար ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չէր տրամադրում նոր տեխպայման նոր կառուցվող շենքերի համար»,–ասել է նա:
Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ դեռևս նախկինում իրենք ստացել են տեխնիկական պայման, սակայն հետագայում առաջացած խոչընդոտները կապված են եղել նոր կանոնակարգման հետ։ Պետությունը և «Գազպրոմ Արմենիան», ըստ նրա, համատեղ իրականացրել են ներդրումային ծրագիր՝ կառուցելով միջին ճնշման խողովակաշարեր չորս ուղղություններով։
«Ուղղություններից մեկն էլ սա է։ Խնդիրն այն է, որ մենք, ունենալով տեխպայման, ենթադրել ենք, որ դրա շրջանակում են աշխատանքներն իրականացվելու, բայց պարզվեց, որ «Գազպրոմ Արմենիան» նոր ցանցին հարկադրաբար միացման վճար է սահմանել, որը նախկինում գոյություն չի ունեցել։ Այսինքն, կառուցապատողն իր միջոցներով գազամատակարարման խողովակաշարն անցկացնում էր, բայց միացման համար որևէ վճար չկար։ Հիմա սահմանված է այդ վճարը, որը բավականին մեծ գումար է, 1խմ-ի համար՝ 172 հազար դրամ։ Դրանով էլ հենց պայմանավորված են եղել մեր բարդությունները»,–ասել է ընկերության փոխտնօրենը։
Միրզոյանի խոսքով՝ երկարատև բանակցություններից հետո նախորդ հինգշաբթի արդեն ներկայացվել է ամբողջական դիմում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։ Ընկերությունը սպասում է, որ փետրվարի 10-ին կստանա փաթեթը, որից հետո հնարավոր կլինի անցնել գործնական աշխատանքների իրականացմանը։
Ըստ նրա՝ մինչ այդ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչները բազմիցս այցելել են շինհրապարակ, իսկ նոր այց նախատեսված է նաև այսօր։
«Ինչ վերաբերում է կառուցված խողովակաշարին, ապա 1-2 տեխնիկական հարցեր կան։ Փոփոխություններ են արվելու, որոնք օրերի հարց են, դա լինելու է զուգահեռ, ոչ թե ավարտից հետո։ «Գազպրոմի» հետ մենք արդեն քննարկել ենք այդ հանգույցներում փոփոխության թե ձևը, թե տեխնիկական լուծումները։ Արդեն գործնական փուլ ենք մտել»,–ասել է ընկերության փոխտնօրենը՝ խոստանալով, որ 1-1.5 ամիս անց բնակարաններում անցկացված գազ կլինի։