Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2025 թվականի տարեկան զեկույցի համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննության սպասող գանգատների ընդհանուր թիվը նվազել է 11%-ով՝ 2025 թվականի հունվարի 1-ի շուրջ 60 350-ից հասնելով 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 53 450-ի։
Դատարանին ներկայացված նոր դիմումների ընդհանուր թիվն աճել է 10%-ով՝ 2024 թվականի 28 800 դիմումից 2025-ին հասնելով 31 800-ի։
Ըստ ՄԻԵԴ-ի զեկույցի՝ ամենաշատ սպասող գանգատներ ունի Թուրքիան՝ 8 464 կամ ընդհանուր սպասող գանգատների 34.5%-ը։ Երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանը՝ 7 177 կամ 13.4%, ապա՝ Ուկրաինան՝ 4 004 կամ 7.5%, Լեհաստանը՝ 3 517 կամ 6.6%, Իտալիան՝ 2 787 կամ 5.2%, Հունաստանը՝ 2 562 կամ 4.8%, Ռումինիան՝ 2 489 կամ 4.7%, Ադրբեջանը՝ 2 180 կամ 4.1%։
2025 թվականի ավարտի դրությամբ՝ ընդդեմ Հայաստանի և քննության սպասող գանգատների թիվը 941 է։ Իսկ 2025 թվականին ՄԻԵԴ ընդդեմ ՀՀ-ի ներկայացվել է 189 դիմում, 2024-ին՝ 180 դիմում, 2023-ին՝ 147։
2025-ին ՀՀ-ի դեմ ներկայացված դիմումների վերաբերյալ կայացված ՄԻԵԴ որոշումների թիվը կազմել է 23։ Դրանցից 22-ում հայտնաբերվել է առնվազն մեկ խախտում։ Իսկ ՀՀ-ի դեմ ներկայացված 12 գանգատներով ՄԻԵԴ-ը համարել է, որ խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ արդար դատաքննության իրավունքը։
ՄԻԵԴ վճիռների թվով, որոնցում կա առնվազն Կոնվենցիայի մեկ խախտում, առաջատար երկրներից են Ուկրաինան (160 վճռից 60-ում կա Կոնվենցիայի խախտում), Ռուսաստանը (156-ից՝ 153-ը), Թուրքիան (74-ից՝ 66-ը), Իտալիան (65-ից՝ 62-ը), Մոլդովան (48-ից՝ 45-ը), Ադրբեջանը (48-ից՝ 43-ը)։
Ըստ ՄԻԵԴ տարեկան զեկույցի՝ միջպետական ընդհանուր 15 գործերից 12-ը վերաբերում է հակամարտություններին։ Դրանք դեռ քննության փուլում են։ Հակամարտություններին վերաբերող գործերից 4-ը ներկայացրել է Ուկրաինան՝ ընդդեմ ՌԴ-ի, 1-ը՝ Նիդերլանդները՝ ընդդեմ ՌԴ-ի, 4-ը՝ ՀՀ-ն՝ ընդդեմ Ադրբեջանի, 1-ը՝ ՀՀ-ն՝ ընդդեմ Թուրքիայի, և 2-ը՝ Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
