Մինչեւ հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենալու

Լիբանանյան օրենքի եւ դատական պայքարների մեջ վճռական հաղթանակի հիմքն ու բանալին այս տեսություն-սկզբունքն է՝ «Օրենքը չի պաշտպանում հիմարներին»։ Այսինքն, եթե դու քո սեփական հոժար կամքով հրաժարվում ես քո իրավունքից, ապա օրենքն ինչո՞ւ պետք է պարտավոր լինի քեզ պաշտպանել, եւ ինչո՞ւ պետք է մեղադրես արդարադատությանը, եթե դու լիակատար ըմբռնումով, ինքնուրույն ընդունել ես մի պարտավորություն. հանցավորը միայն ու միայն դու ես։ Դրան զուգահեռ՝ կա իմաստուն եւ խորիմաստ հայկական ասացվածքը. «Չլացող երեխային կաթ չեն տալիս»։

Ինչ զարմանալի ազգ ենք. հնարավոր է, որ այս ամենի արդյունքում աշխարհն արդեն մեր ազգին դիտարկում է որպես սեփական ինքնության հանդեպ «weird», աննորմալ ու անբնական մազոխիստ եւ նույնիսկ սեփական ինքնությունից հրաժարված մի խառնուրդ։ Ամենատարրական միտքն անգամ պետք է կարողանայինք ըմբռնել ու հասկանալ, թե ինչ վտանգավոր հետեւանքների կարող է հանգեցնել այս ամենը: «Անընդհատ խոսվում է 300,000 ադրբեջանցիների՝ Հայաստան գալու մասին, բայց մինչ օրս ոչ ոք մեզ հստակ չի հավաստիացնում, թե «նման բան չկա»։ Մեր իշխանությունը բանակցում է, եւ արդյո՞ք որեւէ մեկը կարող է մեզ երաշխավորել, որ մեր իշխանությունը հանկարծ չի գա մեզ «հանգստացնելու», թե «ի՞նչ վատ է, որ…»։ Մինչեւ հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենալու, եւ շատ հաճախ շատերը կանգնում են նման անակնկալ փաստերի առջեւ, ինչպես եղել է մինչ այժմ (Արցախ՝ «Հաղթելու ենք» – բանակը շրջափակված է, «Արցախը Հայաստան է եւ վերջ» – «Արցախը Ադրբեջանի մաս է կազմում», Կիրանց…)»։ Մինչ այդ, այն հայերի դեմ, ովքեր փորձում են զգուշացնել այս ամենի մասին, իշխանության կողմնակից հայերը հաճախ «ագրեսիվ», կոշտ ու հարձակողական պայքար են մղում։ Հիմա էլ ինչո՞ւ բողոքել աշխարհին, թե «ո՞ւր է մարդկությունը եւ արդարությունը»։ Մենք ինքներս մեր հանդեպ մարդկային ու արդա՞ր ենք: Հիմա, եթե վաղը մեր իշխանությունն այս ամենին համաձայնի, իսկ Հայաստանի քաղաքացին այսքան ժամանակ չի մերժում, համակերպվում է, եւ նույնիսկ ընտրությունների ժամանակ մի 26%-ը ընտրում է այս իշխանությանը, 51%-ը չի քվեարկում, իսկ մնացած ընդդիմությունն էլ՝ իրար հետ չմիավորվելով, փոշիացնում է ձայները, ուրեմն ո՞վ է մեղավոր:

Մենք մեզ չխաբենք եւ աշխարհից փրկություն չսպասենք՝ թե Ռուսաստանը մեզ կփրկի, ԱՄՆ-ը, Իրանը կամ Արեւմուտքը. թե մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, հին քաղաքակրթություն ենք եւ այլն։ Եթե մենք ինքներս մեզ չենք ուզում փրկել, ոչ մի խելամիտ ու իրապաշտ պետություն մեզնով չի մտահոգվելու։ Յուրաքանչյուր երկիր արդեն իսկ ունի բազում խնդիրներ կամ մեծ ձգտումներ, կամ էլ երկուսը միասին։ Եվ աշխարհն էլ պիտի համարի, որ եթե այլեւս գոյություն չունենա պետական հայ ազգը, ինքը շատ բան չի կորցնի։

Քանի դեռ Հայաստանում անտարբերություն կա մեր պետականության հանդեպ, քանի դեռ Սփյուռքում անտարբերություն կա Հայաստանի հանդեպ, եւ քանի դեռ Հայաստանի քաղաքական դաշտն անտարբեր է Սփյուռքի նկատմամբ՝ աշխարհն էլ, բնականաբար, անտարբեր է լինելու մեր հանդեպ։ Ու զավեշտալի է, որ կան հայեր, որոնք փոխանակ գնահատելու այն հայերին, ովքեր ժամանել են Հայաստան եւ փորձում են ահազանգել այս ամենի մասին, փոխարենը դառնում են «ագրեսիվ» մեր տեսակի նկատմամբ։ Ուրեմն, միգուցե մենք արժանի՞ ենք այս ճակատագրին։

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
03.02.2026

Leave a Comment