Տաղանդավոր  դաշնակահարի մենահամերգն ու ալբոմի շնորհանդեսն իբրև երախտապարտություն՝ մեծանուն հայի հոբելյանին

Ծնունդով Ալեքսանդրապոլից (Գյումրի) հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գուրջիևը (1866-1949թթ.) ավելի հայտնի է աշխարհին, քան մեզ: Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է ծննդավայրում: Հենց այդ տարիներին, ականատեսը լինելով բազմամշակույթ ազգագրական և միջէթնիկ երաժշտական ու պարային ավանդույթներին, Գուրջիևը ձեռք է բերել նշանակալի կապեր քրիստոնեական եղբայրությունների, բուդդի քրմերի, սուֆի վարպետների և դերվիշների հետ: Այդ որոնումների վաղ շրջանից 20 տարի անց արդեն նա վերադառնում է Արևմուտք և սկսում  դասավանդել մարդկանց, որոնք նպատակ ունեին, ինչպես ինքն էր անվանում՝ «կերտել իրենց սեփական անձը հարմոնիկ զարգացման մեթոդաբանությամբ»:

Գուրջիևյան արվեստին, ինչպես նշեցինք, շատ չէ երաժիշտների անդրադարձը մեզանում: Aravot.am-ը շուրջ քառորդ դար հետևողականորեն անդրադարձել է այս հանճարեղ մարդուն, արվեստագետին նվիրված հայաստանյան միջոցառումներին, որոնց թվարկելու համար բավական են մեկ ձեռքի մատները: Հիշեցնենք դրանք. «Գուրջիև» անսամբլը (հիմնվել է 2008թ., ղեկավարում է ծնունդով Լիբանանից Լևոն Էսկենյանը), որի առաջին ձայնասկավառակը գուրջիևյան երկերի փոխադրումներով, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի միջնորդությամբ, ձայնագրել է գերմանական ECM Records ընկերությունը: Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսին» բալետը, որի թեման կրկին Գուրջիևն է, մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ ժամանակին հատվածաբար ձայնագրվել է, իսկ անցյալ տարի, գերմանաբնակ դիրիժոր Ռուբեն Գազարյանի ընթերցմամբ՝ ամբողջությամբ ձայնագրվել: Խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի  «Զույգ արեգակներ» բալետային ներկայացման մեջ գլխավոր կերպար էր Գուրջիևը: 2025թ. Հայաստան հյուրախաղերի եկած ուկրաինացի դիրիժոր Կիրիլ Կարաբիցը, ղեկավարելով մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը, համերգի ավարտին հանդես եկավ նաև որպես դուդուկահար՝ հայ երաժիշտների հետ հնչեցնելով Գուրջիևի «Հայկական մեղեդին»: Բառացիորեն օրերս մեզ տեղեկություն հասավ, որ կայացել է  փակ համերգ-երեկո՝ նվիրված Գուրջիևին: Ինչո՞ւ փակ… Մեզ հաջողվեց հանդիպել այդ  միջոցառման կազմակերպչի հետ, ով չներկայացրեց երեկոն, փոխարենը խոստացավ առաջիկայում այն կրկնել, «հանրայնացնել»:

Իսկ օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ճանաչված ու սպասված արվեստագետ, դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգն էր, որը միաժամանակ նաև «Laudamus» ալբոմի շնորհանդեսային համերգն էր, որն անցկացվեց արտիստի հեղինակային ձևաչափով: Նա համեմել էր գուրջիևյան լիրիկան՝ ժամանակակից երաժշտության վերացականության հետ՝ առանց ծափահարությունների ու ընդհատումների: Ի դեպ, նման ձևաչափով դաշնակահարը բազմիցս հանդես է եկել Երևանում և արտասահմանյան համերգների ընթացքում՝ նույն բարոկո ու ժամանակակից երաժշտությունների համադրման միջոցով: Մենահամերգին հնչեցին նաև 20-րդ դ. մեծագույն միստիկ կոմպոզիտոր Սկրյաբինի, գերմանացի Կառլհայնցի գործերից, կայացավ նաև Վարդան Հարությունյանի «Անգիտակից արտապատկերումներ» պիեսի համաշխարհային պրեմիերան՝ դաշնամուրի և էլեկտրոակուստիկ ձայների համար: Ընդ որում, երեկոն նվիրված էր Գուրջիևի ծննդյան 160-ամյակին:

Դաշնակահարի պրոդյուսերին՝ Ալեքսանդր Պլատո Հակոբյանին, խնդրեցինք ներկայացնել «Laudamus» ալբոմը, որն ունի նաև հակիրճ, բայց ներկայանալի գուրջիևյան բուկլետ: «Նախ նշեմ, որ ալբոմը իբրև երախտապարտություն է մեծանուն հային՝ Գուրջիևին:  Այս բազմամյա աշխատանքի արդյունքը, ըստ էության, առարկայացավ «Laudamus. «Փառաբանում ենք»: Secular & Sacred Piano Works» ալբոմի ձևաչափով՝ կառուցված աշխարհիկից դեպի սրբազան ներքին դրամատուրգիայով։ Ալբոմը հասանելի է բոլոր համաշխարհային հարթակներում` spotify, apple music և այլն։ Իսկ սկավառակը թողարկվել է բրիտանական Azure Sky Records-ի կողմից։ Բուկլետում Գուրջիևը ներկայացվում է որպես միստիկ մտածող և կոմպոզիտոր, ծնված բազմազգ Ալեքսանդրապոլում, այժմ Գումրի։ Նրա մանկության մշակութային միջավայրը (տարբեր լեզուներ, հավատքներ, երգեցողություններ) և հատկապես հոր՝ ճանաչված աշուղի ազդեցությունը ձևավորել են նրա լսողությունն ու հետաքրքրությունը հոգևոր բանահյուսության, գործնական իմաստության նկատմամբ։ Հետագայում Գուրջիևը ձեռնարկում է լայն ճանապարհորդություն Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Հնդկաստանում և Հյուսիսային Աֆրիկայում՝ որոնելով էզոտերիկ գիտելիք և ծիսական երաժշտության կենդանի աղբյուրներ։ Բուկլետում նաև ընդգծվում է Գուրջիևի սանի, հետնորդի՝ դը Հարթմանի կապը Կոմիտասի ժառանգության հետ: Լսելով Կոմիտասի մասին` Գուրջիևը դե Հարթմանին խնդրում է այցելել Հայաստան և հնարավորինս ուսումնասիրել Վարդապետի գործունեությունը, այս մասին փաստում է հենց դը Հարթմանը՝ իր կենսագրական նոթերում։ Ալբոմը կազմված է 26 ստեղծագործությունից և ունի երեք խոշոր բաժին՝ յուրաքանչյուրն իր թեմատիկ առանցքով»,- ներկայացրեց պրոդյուսերը:

Քանի որ գուրջիևյան երաժշտությունը մեծ տեղ է գրավում Հայկ Մելիքյանի վերջին շրջանի նախագծերում, մենք իրեն՝ դաշնակահարին, խնդրեցինք ներկայացնել դա: «Այո,վերջին տարիներին հայաստանցի և արտասահմանցի հանդիսատեսին ներկայացնում եմ Գյուրջիևի երաժշտական ժառանգությունը՝ այն դիտարկելով որպես բացառիկ մշակութային ու հոգևոր-գեղարվեստական խաչմերուկ՝ ծնված և պայմանավորված մեր տարածաշրջանի առանձնահատկություններով։ Իսկ երաժշտությունը մեծ հաշվով պարզ է ու թափանցիկ, բայց ստեղծում է առանձնահատուկ, միստիկ լռություն ու կենտրոնացում՝ անկախ երկրից ու լսարանի առանձնահատկություններից։ Հեղինակի երաժշտությունը հիմնականում մեզ է հասել Թոմաս դը Հարթմանի շնորհիվ․ Գուրջիևը երգում, սուլում, «թակելով» փոխանցում էր մեղեդիական նյութը, իսկ դը Հարթմանն այն փոխադրում էր նոտաների՝ պահպանելով ակունքային իսկատիպությունը, փիլիսոփայական խորությունն ու ծիսական շարժումների շունչը։ Եվ սա զուտ ստեղծագործական գործընթաց չէր, նրանք այդ երաժշտությունն օգտագործում էին իրենց ուսմունքում և դասախոսությունների ընթացքում»,- հայտնեց դաշնակահարը։

Հետաքրքրվեցինք՝ մեր տեղեկություններով,  ձեր «գուրջիևյան շրջափուլի» սկիզբը կամ մեկնարկը պատմություն ունի, կներկայացնե՞ք: «Սիրով: 2009թ. ամստերդամյան մենահամերգիս ավարտին հաստափոր նոտային հատորներով ինձ մոտեցավ մի հոլանդացի երաժիշտ: Շնորհավորեց, ապա նշեց Գուրջիևի հայկական ծագման ու գործունեության մասին, հետո էլ փոխանցեց գուրջիևյան հաստափոր նոտային հատորներ՝ խնդրելով, որ օրերից մի օր վերադարձնեմ իրեն, եթե այդպիսի առիթ ստեղծվի։ Տարիներ անց, առիթն իհարկե ստեղծվեց  ու հատորները վերադարձրի: Անկեղծանամ՝  դրանից հետո, հավերժ գուրջիևյան դաջումը հետք թողեց նվագացանկիս վրա»- պատմեց մեր զրուցակիցը:

Հիշեցրինք, որ տարիներ առաջ Գուրջիևի հետքերով ինքը շրջագայել է ստեղծագործողի ծննդավայրում, հիմա էլ խնդրեցինք այդ պատմությունը ներկայացնել մեր ընթերցողին: «2019թ. իմ թիմի նախաձեռնությամբ և երաժշտական պրոդյուսեր Էռնա Ռևազովայի գլխավորությամբ սկսվեց նաև Գուրջիևի «հետքերով գնալու» գաղափարը՝ այցելություն Գյումրի, հանդիպումներ աշուղագիտության մասնագետների հետ, համագործակցային քննարկումներ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում, ինչպես նաև պատմական հիշողության շերտերի հավաքագրում Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի տնօրենի՝ Կարինե Վիրաբյանի օժանդակությամբ: Մանուկ հասակում Գուրջիևն ու Իսահակյանը, վերջինիս հայրական տանը թոնրի շուրջ խաղացել ու ջերմացրել են ոտքերը, Գուրջիևի ընտանիքի, հոր՝ աշուղ Ադաշի պատմությունների շուրջ», -ասաց Մելիքյանը, հավելելով, թե այդ հետազոտական գործընթացը պսակվել է 2020թ. նկարահանված եռամաս համերգային տեսաշարով, որն իրականացվել է հենց Գյումրիում, և որի պրեմիերան տեղի է ունեցավ Հանրային հեռուստաընկերությամբ ու մի շարք կարևոր էլհարթակներում։

Եղել են արձագանքներ Բուենոս Այրեսից մինչև Սիդնեյ, աննկարագրելի հետարքրքրություն է առաջացել բառացիորեն ողջ աշխարհում։ Հաշվի առնելով նաև այս հանգամանքը՝  թիմը նպատակադրված, միլիոնավոր հետևորդներ ունեցող Գուրջիևի ծննդավայրի մասին իրազեկվածությունը բարձրացրել է նրա՝ Գուրջիևի անվան միջոցով՝ կատարումներից առաջ պատմելով Գյումրիի ավանդույթների ու պատմության մասին՝ անգլերենով։ Մի բան էլ, ինչն անչափ կհետաքրքրի լայն ընթերցողին, այդ թվում բիզնեսմեններին. Գուրջիևն իր աշխատություններում նկարագրում է մեթոդ՝ «Գուրջիևյան աշխատանք», որի նպատակը ոչ թե վաստակելն է, այլ աշխատանք սեփական անձի ինքնակատարելագործման համար: Այն իր մեջ միավորում է մեթոդներ, որոնցով առաջնորդվում  են յոգերը, քրմերը, քրիստոնյաները: Մեծանուն հայի մահից հետո նրա սաները, հետևորդները տարբեր երկրներում հիմնել են Գուրջիևյան ինստիտուտներ, որոնք այսօր էլ շարունակում են ուսումնասիրել հայ մտածողի աշխատությունները: Ի դեպ նրա գաղափարներից օգտվում են նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment