ՌԴ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնել կարգալույծ հռչակված Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ սրբազանի՝ Արման Սարոյանի եղբոր 10-ամյա դստերը Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցու դպրոցից հեռացնելու վերաբերյալ։
«Միջնակարգ կրթություն ապահովող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի տնօրեն Կարինե Սերոպյանը 2026 թվականի հունվարի 29-ին ստորագրել է երեխայի իրավունքների պաշտպանության նպատակով հրաման, ըստ որի՝ չեղարկվել է մերձմոսկովյան Խիմկի քաղաքում փաստացի բնակվող Էդգար Սարոյանի հետ կնքված Սոֆիա Սարոյանի կրթական պայմանագիրը։ Պայմանագրի չեղարկման հիմք են հանդիսացել 2026 թվականի հունվարին ծնողների կողմից վարժարանի տնօրինությանը տրամադրված կեղծ բժշկական տեղեկանքները։
Նույն հրամանով ծնողներին հետևողականորեն հորդորվել է Սոֆիա Սարոյանին անհապաղ տեղափոխել իր բնակության վայրում գտնվող դպրոց՝ հետագայում երեխայի իրավունքների ոտնահարումից խուսափելու համար, քանի որ ծնողները բազմիցս խախտել են երեխային վարժարան ժամանակին բերելու իրենց պարտականությունը։ Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի տնօրեն Կարինե Սերոպյանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում կներկայացնի վերոնշյալ որոշման համար հիմք հանդիսացող անհերքելի ապացույցներ»,- մեզ հետ զրույցում փոխանցեցին մամլո դիվանից։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: