Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հուշամեդալ է նվիրել

Այսօր՝ փետրվարի 2-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը՝ Պաշտպանության նախարարության և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ։

Պատվիրակությանը դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Ծաղկեպսակի պաշտոնական արարողությունից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետև տիկին Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ էքսկուրսավար Մերի Եղիկյանը ներկայացրել է թանգարանի մշտական եւ ժամանակավոր ցուցադրությունները՝ առանձնահատուկ կանգ առնելով Հայոց ցեղասպանության հնդիկ ականատեսների և հայ որբերին փրկելու հնդիկ զինվորների ջանքերը ներկայացնող պաստառի առջև: Նման մի պատմության հերոս որբ երեխայի Հրաչ Հնդկազատյան են կոչել՝ որպես երախտագիտության նշան:

Թանգարանում շրջայցի ավարտին գեներալ Չաուհանը գրառում է կատարել հուշամատյանում: Տիկին Գզոյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը և բարձրաստիճան հյուրին նվիրել գրքեր Հայոց ցեղասպանության մասին:

Փոխադարձաբար շնորհակալություն հայտնելով ընդունելության և ցուցադրության մանրամասն ներկայացման համար՝ պարոն Չաուհանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրել հուշամեդալ:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment