Christian Solidarity International (CSI)-ը և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) հրավիրում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցելու մամուլի ասուլիսի, որի ընթացքում կներկայացվեն կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքները Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ, որը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 3-ին, Իբիս հյուրանոցում, ժամը՝ 17:00-ին:
Ելույթ կունենա նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելը:
Նոյեմբերին Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ այցելել է Հայաստանի Հանրապետություն՝ մասնակցելով նաև Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշին։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև կալանավորված անձանց ընտանիքի անդամների և նրանց փաստաբանների հետ։
Մինչ Վաշինգտոնում (ԱՄՆ) ընթանում է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովը, CSI-ի պատվիրակությունը կրկին վերադառնում է Հայաստան՝ նոր փաստահավաք այցի նպատակով։
Պատվիրակությանը ուղեկցում է Շվեյցարիայի Ազգային խորհրդի (Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատ) անդամ Էրիխ Վոնտոբելը։
CSI-ի պատվիրակությունը և պարոն Վոնտոբելը կներկայացնեն վերջին այցի ընթացքում արձանագրված փաստերն ու եզրակացությունները և կպատասխանեն լրագրողների հարցերին։
Մամուլի ասուլիսին կմասնակցեն նաև Երևանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպության՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի ներկայացուցիչները։
ՔԻՀԿ-ն նոյեմբերին հրապարակել է հայերեն և անգլերեն զեկույց՝ «Անարդարությունը Հայաստանում․ 2025 թվականի զանգվածային քաղաքական հետապնդումները, Մաս 1 (մայիս–սեպտեմբեր)» վերնագրով։ Այս ասուլիսի ընթացքում ՔԻՀԿ-ի ներկայացուցիչները կներկայացնեն Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ վերջին զարգացումները։