Քաղաքական «ֆալստարտ» ընտրություններից առաջ․ երրորդ բևեռը դեռ չի ձևավորվում

Հայաստանի ներքաղաքական դաշտում փոքր-ինչ տարօրինակ իրավիճակ է ձևավորվել․ 2026-ի խորհրդարանական ընտրություններին դեռ մի քանի ամիս ժամանակ կա, բայց քարոզարշավը տարբեր նախաձեռնությունների տեսքով կարծես մեկնարկել է։ Ընդ որում՝ քաղաքական միավորները չեն շտապում բացահայտել, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրությունների՝ միայնա՞կ, թե՞ դաշինքներով։

Համացանցում հարցում է իրականացվում, որում ընդգրկված են այս պահի դրությամբ 2026-ի խորհրդարանական ընտրություններում վարչապետի պաշտոնի համար քաղաքական ուժերի կողմից առաջադրվող հնարավոր թեկնածուները։ Առնվազն 25 ուժ արդեն հաստատել է իր մասնակցությունը առաջիկա ընտրություններին և հայտարարել է ընտրացուցակում առաջին համարի գործչի անունը։ Սոցիալական ցանցում կազմակերպված այս հարցումը, բնական է, չի հավակնում ճշգրիտ պատկեր ստեղծելուն։

Ընդդիմադիրները, որ ընտրություններում հաջողությունը պայմանավորում  են մեծ դաշինքներ կազմելու անհրաժեշտությամբ, իրականում սպասումների մեջ են․ վարկանիշների մասին սոցհարցումների պատասխանները դեռ չկան, դաշտում ստվերային բանակցությունները շարունակվում են։ Ձևաչափերի, առաջնորդների և վարչապետի թեկնածուների հարցերը գաղտնազերծելու համար որպես վերջնաժամկետ շատերն ընտրել են փետրվար ամիսը։ Սա  դժվարացրել է նաև վերլուծաբանների գործը, թեև այս պահին արդեն հրապարակված ուժերի մեջ առանձնապես նոր անուններ չկան ոչ նրանց, ոչ էլ հասարակության համար։

Քաղաքագետ Միքայել Զոլյանն առաջինը հենց այս խնդիրն է շեշտադրում։

«Գուցե  իրոք սոցիոլոգիական ինչ–որ հարցումների են սպասում և փորձում են հասկանալ, թե ոնց առաջ գնալ, որովհետև այսօրվա դրությամբ նրանց շանսերը այնքան էլ լավը չեն։ Այսինքն` եթե այսօր կայանան ընտրությունները, ինձ թվում է, որ իշխանություն վերցնելու շանսը փոքր է։ Շատ կարևոր է, թե ով կլինի ընդդիմությունը, և եթե մնա նույն որակի ընդդիմությունը՝ նույն օրակարգ ով, արտաքին ուժերի հետ նույն որակի կապերով, որն ունենք այսօր, դա շատ վատ է բոլորիս համար։ Ես մեծ հույսեր ունեի, որ կհայտնվեն նոր քաղաքական ուժեր, որոնք նոր որակի ընդդիմություն կլինեն, բայց առայժմ, ցավոք , դա չենք տեսնում»։

Ընդդիմադիր դաշտում  նշում են, որ հիմնական հարցը ոչ թե պարզապես միավորվելն  է, այլ երրորդ իրական ուժային կենտրոն ձևավորելը։

Միավորումների և նոր ձևաչափերի որոշման համար կարևոր գործոն կարող է դառնալ Ընտրական օրենսգրքի փոփոխված դրույթը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի համոզմամբ՝ նախընտրական ձևաչափերի հարցում այն կարող է որոշիչ լինել։ Քաղաքագետը ենթադրում է, որ հակառակ միավորումների անհրաժեշտության մասին խոսակցություններին, ընդդիմադիրների մեծ մասը ի վերջո այլ որոշում կկայացնի։

 «Քաղաքական ուժերը, ըստ ամենայնի, կփորձեն առանձին մասնակցել, որովհետև նոր Ընտրական օրենսգրքով 4%–անոց շեմ է դառնում, ինչը շատ ավելի հեշտ է հաղթահարել, քան նախկին 5%–ը: Իսկ դաշինքների համար շեմը բարձրանում է։ 2021 թվականը ցույց տվեց, որ քաղաքական ուժերի համար բավականին բարդ էր նույնիսկ դաշինքներով անցողիկ շեմը հաղթահարել։ Հիշենք, որ մեր երրորդ քաղաքական դաշինքը, որն Ազգային ժողովում է, այնտեղ է միայն օրենքի ուժով․ նա չի կարողացել հաղթահարել շեմը ։ Ըստ ամենայնի, քաղաքական ուժերը կփորձեն առանձին–առանձին մասնակցել, նույնիսկ դաշինքային ցուցակ կձևավորեն, բայց մեկ կուսակցության շրջանակում։ Օրինակ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կհայտնվեն մեկ այլ կուսակցության ցուցակում, և այսպես կփորձեն 4%–անոց շեմը հաղթահարելով հայտնվել խորհրդարանում»։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների երրորդ գործոնը, գրեթե բոլոր վերլուծաբանների կարծիքով, ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցությունն է։ Իսկ սա արդեն կանխատեսում չէ՝ ասում է Ղևոնդյանը։

 «Մենք արդեն ապրում ենք այդ իրականության մեջ։ Այսօր արդեն ՀՀ–ի վրա կա արտաքին ազդեցություն»։

Սա ասելով վերլուծաբանները նկատի չունեն միայն Ռուսաստանի Դաշնությունը։ Համոզված են, որ ազդեցության փորձեր են լինելու են նաև Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից, Ադրբեջանից, Թուրքիայից ու անգամ Չինաստանից։

 «Ես չէի թերագնահատի Ռուսաստանի համար Հայաստանի առաջիկա ընտրությունների կարևորությունը։ Սա առնվազն թոփ 5-ի մեջ է, եթե ոչ թոփ 3-ի։ Որովհետև Մոլդովայում նրանք պարտություն կրեցին ու նախկինում Հայաստանի վերաբերյալ այդպիսի մոտեցում ունեին, որ ռուսերեն ասած` «куда  вы денетесь», հա՞ ։ Իսկ այս տարի տեսնում են, որ իրոք Հայաստանը կորցնում են, կամ առնվազն այդպիսի ընկալում կա ։ Հասկանում են, որ Հայաստանը կորցնելով՝ կորցնում են նաև Ադրբեջանի վրա ազդելու լծակները։ Վրաստանում էլ նայում են Հայաստանին, նայում են ամերիկա–հայկական նոր հարաբերություններին, TRIPP–ին և ասում են` կարո՞ղ է մի բան սխալ ենք անում։ Դրա համար ինձ թվում է, որ մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանի համար Հայաստանի կարևորությունը։ Ես կարծում եմ` պետք է շատ զգոն և ուշադիր լինել և հաշվի առնել, որ Ռուսաստանը բավական լուրջ ռեսուրսներ է ներդնելու Հայաստանում իր ծրագրերն իրականացնելու համար»։   

Այս տարեսկզբին ռուսական, վրացական և մի շարք այլ լրատվամիջոցներ բացահայտել էին, որ Կրեմլը քարոզչության կամ soft power-ի կիրառման ծրագիր է մշակում, որի առանցքային ուղղություններից մեկը Հայաստանն է։ «Փափուկ ուժի» քաղաքականությունը ԱՊՀ մի շարք երկրներում առաջ մղելու համար, ըստ հրապարակումների, Մոսկվան պատրաստվում է ծախսել շուրջ 13 միլիարդ ռուբլի կամ 165 միլիոն դոլար՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը դրամաշնորհի միջոցով։

Այս տեղեկությանը զուգահեռ օրեր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բանաձև ընդունվեց, որտեղ անդրադարձ կար նաև հայաստանյան գալիք ընտրություններին։ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար, որ ընտրարշավը լինի խնդիրների և քաղաքականության վրա հիմնված, և զերծ լինի միջև անձնական հարձակումներից: Վեհաժողովն անգամ հղում է արել Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի առաջարկությանը, համաձայն որի՝ քաղաքական բոլոր միավորների համար անհրաժեշտ է ընդունել «վարքագծի կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը»։

ԵԽԽՎ ձևակերպումներից ակնհայտ է դառնում, որ կառույցում թեժ մրցապայքար են կանխատեսում են հայաստանյան առաջիկա ընտրությունների համար։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ 2026–ի ամռանը Հայաստանում հասարակության բևեռվածության խնդիրը հաղթահարված չի լինելու։  

«Բնականաբար, եթե կա փոքրամասնություն և մեծամասնություն, չկա համընդհանուր համախմբում։  Եթե քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակ ապահովվի, գուցե ինչ–որ համախմբում հնարավոր լինի ձևավորել, ինչպես օրինակ, Միացյալ Նահանգներում է, երբ հանրապետականները նախագահ և իշխանություն են ունենում, դեմոկրատները ենթարկվում են այդ իշխանությանը, թեև այնտեղ էլ կան բացառություններ։ Բայց ես կարծում եմ` դա մեր սերնդի լուծելու հարցը չէ, ուղղակի ի վիճակի չէ մեր սերունդը դա անել Հայաստանի Հանրապետությունում։ Այնպես որ, մենք ստիպված ենք լինելու, ժողովրդավարության հետևից գնալով, հանդուրժել հասարակության որոշակի բևեռվածություն»։

Ի դեպ, ԵԽԽՎ բանաձևում տեղ գտած ձևակերպումներից դժգոհ մնալով՝ հայաստանյան ընդդիմությանը հաջողվել է համաձայնության գալ Հայաստանի պարտավորությունների կատարմանը հետևող համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ՝ ընտրություններից առաջ նրանց այցը Հայաստան կազմակերպելու հարցում։

Leave a Comment