ԲՐՅՈՒՍԵԼՆԵՐՈՒՄ «ԼԱՑԻ ՊԼԱՍՏԻՆԿԵՆ» ՄԻԱՑՐԱԾ՝ ՄԵԾ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԲԵՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 29.01.2026 թ. հրամանը՝ ՀՀ ՊՆ 2000թ. հուլիսի 19-ի N 728 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին, նշանակում է հոգևորականների գործունեության դադարեցում ՀՀ զինված ուժերում։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը՝ ներկա իշխանությունների հակաեկեղեցական արշավի համատեքստում խոսելով ՀՀ պաշտպանության նախարարի հունվարի 29-ի աղմկահարույց որոշման մասին։

Գեղամ Մանուկյանն ընդգծում է՝ Պապիկյանի որոշման ամբողջ պատճառն այն է, որ զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցները մերժել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ հանդես գալու պահանջը։

«Այդ չքմեղությունը, որ՝ «գիտեք, այնտեղ կարգ ենք փոխում», ո՛չ, այդպես չէ, որովհետև գնդերեցը հոգևոր ծառայող էր, որը տասնամյակներով, Վեհափառ Հայրապետի ներկայացմամբ և, բնականաբար, Պաշտպանության նախարարության համաձայնությամբ, նշանակվում էր գնդերեցի հաստիքի։ Բայց հիմա ասում է՝ չէ, գնդերեցը պիտի դառնա «մայոր» կամ «կապիտան»՝ այդ հաստիքի վրա, ու ենթարկվի հրամանատարի տեղակալին։

Իրականում այս ամբողջ որոշման հիմքը հետևյալն է. Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անինքնասեր զինվորականներից որոշները փորձ են արել ճնշել գնդերեցներին՝ այն գնդերեցներին, որոնք 44-օրյա պատերազմով են անցել, գնդերեցներ, որոնք հավատքով զինակից զոհված և անհետ կորած ընկերներ ունեն, վիրավորված ընկերներ ունեն, այն գնդերեցները, որ 44-օրյա պատերազմում մեր զինված ուժերի պահապան Աշոտ Երկաթի խաչն ամբողջ առաջնագծով 44 օր ման էին տալիս՝ հայ զինվորին ոգևորելու և մարտական ոգին բարձր պահելու համար։

Այդ գնդերեցները չեն զիջել, որովհետև գնդերեցներին ստիպել են, որ Վեհափառի դեմ հանդես գան։ Հասկացել են, որ այս գնդերեցները զիջող չեն. «ի՞նչ անենք՝ էկեք վերացնենք գնդերեցությունը», որ հետո կարգն էնպիսին դնենք, որ եթե հրամանատարի հրամանը չկատարի գնդերեցը, համարենք հակականոնադրական և դրա համար պատասխանատվության ենթարկենք»,- պարզաբանեց պատգամավորը։

Խոսելով խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորման հարցի շուրջ՝ դաշնակցական պատգամավորը հաղորդեց, որ ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կուսակցությունն արդեն տևական ժամանակ երկխոսության մեջ է ընդդիմադիր բոլոր ուժերի հետ՝ ոչ թե մեխանիկական միավորման, այլ մի քանի սկզբունքային կետերի շուրջ առնվազն համագործակցություն ձևավորելու նպատակով։ Դրանք են՝ 1) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակումներին դիմագրավելը, 2) քաղբանտարկյալների հարցն ու բռնաճնշումների դեմն առնելը, 3) ընտրություններում իշխանությունների անօրինական գործողություններին դիմագրավելը, 4) ընտրությունների թափանցիկությունը, արդարությունը և վերահսկողությունը, 5) մեծ քաղաքական կոնսենսուսի ձևավորումը՝ ընտրական ձայների փոշիացումը բացառելու նպատակով։

«Պետք է գոհունակությամբ ասեմ, որ քաղաքական ուժերի մեծ մասի հետ հանդիպումները, որ տեղի են ունենում, բոլորը գիտակցում են պահի լրջությունը։ Օլիմպիական մասնակցությունն ընտրություններին, որ տնեցիներին ասես՝ «տեսա՞ր՝ ես էլ էի թեկնածու, դեռ մի քանի հազար ձայն էլ ստացել եմ», ուղղակի իշխանության ջրաղացին ջուր լցնել է, և այդ առումով նաև օդում կա այդ միավորումների զգացումը, մեծ բլոկներով ընտրություններին գնալու կարևորությունը գիտակցելը»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր գործիչը համոզված է՝ գրագետ գործելու դեպքում իրական շանսեր կան ընտրություններով իշխանությունը փոխելու։

«Հայաստան» դաշինքի առաջնորդը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հունվարի 29-ի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը ոչ մի պարագայում չպետք է հայտնվի գերտերությունների շահերի բախման կիզակետում, և բերել էր այն պատկերավոր օրինակը, որ «հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր նավն օվկիանոս չի հանում»։

Մեր հարցին՝ Ձեր տպավորությամբ, ո՞ւր է տանում Նիկոլ Փաշինյանը «հայկական նավը», պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանեց՝ Փաշինյանը «հայկական նավը» մտցնում է Բերմուդյան եռանկյունի։

Նրա խոսքով՝ Փաշինյանը տարբեր մակարդակներում աշխարհաքաղաքական մեծ բախումներն ամբողջությամբ տեղափոխում է Հայաստան։

«Դա վերաբերում է և՛ ԹՐԻՓՓ նախագծին, երբ մեկ երկրի՝ Միացյալ Նահանգների դոմինանտությունը հաստատելով այդ ռազմավարական ճանապարհի վրա և ամբողջությամբ խաղից դուրս թողնելով և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին՝ մե՜ծ բախումներ է բերում, և՛ ընտրական գործընթացին, երբ հայ պաշտոնյաները՝ արտգործնախարարն ու մյուս-մյուսները, Բրյուսելներում, ժողովրդական լեզվով ասած, «լացի պլաստինկեն» միացրած, թե՝ «մենք ենթարկվում ենք հիբրիդային հարձակումների, Հայաստանը հիբրիդային պատերազմի զոհ է, հասե՜ք, փրկե՜ք, եվրոպացիներ», և արդյունքում Եվրամիություն-Ռուսաստան, Արևմուտք-Ռուսաստան ամբողջ այդ պայքարն այս նախընտրական մթնոլորտում տեղափոխում է Հայաստան, և պատահական չէ, որ եվրոպական շատ հասարակական կազմակերպություններ, կառույցներ, որոնց տեղակայման վայրը տևական ժամանակ Մոլդովան էր, հիմա քոչ են կազմակերպել, տեղափոխվում են Հայաստան։

Նաև մեկ ուրիշ բան՝ ոչ միայն աշխարհաքաղաքական հակամարտություններն է տեղափոխում Հայաստան, և պրոքսի պատերազմները տեղի են ունենում հայկական հողի վրա, այլև ամբողջությամբ հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Թուրքիային խաղալ հենց Հայաստանի հողի վրա։

Ինչու եմ դա ասում, որովհետև այդ կեղծ երկընտրանքը՝ «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն», իրենք էլ՝ խաղաղության ագռավները, թե աղավնիները, շատ դժվար է տարբերակել, թերևս ավելի շատ՝ խաղաղության ագռավներ, քան աղավնիներ, Ադրբեջանին հնարավորություն է տալիս, Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք ձեռքի տված, շանտաժի ենթարկել հայ ժողովրդին, որ՝ «չընտրեք սրան՝ սպառնալիք է», «չքվեարկեք Նիկոլ Փաշինյանին՝ վաղը սահմանում վտանգ է լինելու»։ Նույնը վերաբերում է Թուրքիային»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Leave a Comment