
Կրթության նախարարությունում, կարծես թե, մոռացել են մինչև չորսը հաշվել։
Անգլերենի թեստի 4-րդ տարբերակում 80 հարցից 21-ում սխալներ են հայտնաբերվել։
Թեստի գրեթե մեկ քառորդը խոտան է։ 2-րդ տարբերակը «ուրախացրել է» մի քիչ պակաս սխալներով, բայց դա էլ հեռու էր կատարյալ լինելուց։ Այս մասին գրում է Յանա Ավչիյանը, որի դուստրն այսօր հանձնում էր անգլերենի միասնական քննությունը։
«Վիկան, որին «բախտ էր վիճակվել» ստանալ հենց այդ 4-րդ տարբերակը, առաջինն է նկատել խնդիրը և բարձրաձայնել։
Հսկիչների պատասխանն ուղղակի ապշեցրել է իր ցինիզմով. «Փնտրի՛ր, հաստատ մի ճիշտ պատասխան պիտի լինի»։
Միայն այն բանից հետո, երբ լսարանը սկսել է վրդովել, և մյուս դիմորդները հաստատել են առաջադրանքների աբսուրդ լինելը, հանձնաժողովը բարեհաճել է շարժվել։
Արդյունքը՝ սխալ թերթիկները հավաքել են, փոխարինել նորերով և «մեծահոգաբար» կես ժամ հավելյալ ժամանակ տվել։
Բայց ո՞վ է վերադարձնելու երեխաների նյարդերը։ Այդ 30 րոպեն՝ շվարած վիճակում, աղմուկի և սթրեսի մթնոլորտում, ոչինչ չարժի. նման «կրկեսից» հետո և ընթացքում կենտրոնանալն ուղղակի անհնար է։
Հարց Կրթության նախարարությանը. պարոնա՛յք, մի՞թե ընդամենը ՉՈՐՍ գրագետ տարբերակ կազմելն այնքան անհավանական բարդ աշխատանք է, որը պահանջում է գերբնական ջանքեր։
Եթե դուք անգամ ձեր սեփական թեստերը ստուգելու հարցում եք թերանում, ապա ինչպե՞ս եք գնահատելու թեստերը և ինչ գնահատական եք նշանակում ինքներդ ձեզ։
Հ.Գ. Մեկ բան ևս։ Շտեմարանից դուրս առաջադրանքներ կային։ Դա նորմա՞լ է, թե՞ ոնց»,- իր վրդովմունքն է հայտնում ծնողը։