Ինչո՞ւ Վիգեն Էուլջեքջյանի ընտանքի իրական աջակցի անունը հասարակությանն անհայտ մնաց (տեսանյութ)

Հունվարի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանական գերությունից վերադառնում են հայրենիք։ Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, որն ապրում է Լիբանանում, համացանցից է տեղեկացել ամուսնու վերադարձի մասին։ Գալով Հայաստան՝ վստահություն չի ունեցել, որ ամուսինը 5 տարվա գերությունից վերադարձել է։ Օդանավակայանում Լինդային դիմավորելու է գնացել «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, սակայն լրատվամիջոցները չհանրայնացրին դա։ Մեզ հետ զրույցում Սևակ Հակոբյանը շեշտեց, որ ինքը փիառի կամ գովազդի կարիք չունի և ամենևին կարևոր չէ, որ իր անունը չի հիշատակվել, նա այդ քայլն արել է մարդասիրությունից ելնելով, իր պարտքը համարելով։ Այսօր էլ հաղորդումից առաջ մեր զրուցակիցը Վիգենին տարել էր հիվանդանոց։ Նա պատմեց, որ Վիգենը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի և պետք է պատշաճ բուժում ստանա։ Վիգենի բուժման հարցը Սևակի շնորհիվ մասամբ լուծվել է, բայց թե ինչ է լինելու հետագայում՝ պարզ չէ։ Վիգենի ընտանիքը որոշել է տեղափոխվել հայրենիք, սակայն տան խնդիր ունի, ըստ որոշ տեղեկությունների՝ պետությունը խոստացել է բնակարանով ապահովել, բայց առայժմ նրանք ապրում են ժամանակավոր կացարանում։

Կարծում ենք՝ հանրությունը պետք է իմանա, թե ով է այսօր Վիգենի ընտանիքի կողքին, ով է նրանց աջակցում տարբեր հարցերում, ինչն անում է լուռ, առանց որևէ շահի և ակնկալիքի՝ այդ ամենը համարելով իր պարտքը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։

 

Leave a Comment