Անահիտ Ավանեսյանը՝ Արցախից տեղահանված հայերի մասին․ «Մշտական դիտարկման ընթացքի մեջ են, անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է»

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի այցելել օրերս Արցախից Հայաստան տեղափոխված անձանց։ 

«Այս պահին դրա կարիքը չի եղել, բայց կարծում եմ՝ կունենամ առիթ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նրանցից ոչ բոլորն են բուժհաստատություններում, քանի որ դրա կարիքը չկա։

«Դեռ մշտական դիտարկման ընթացքի մեջ են, անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կողմից։ Նրանց առողջական վիճակի ամբողջ կազմակերպչական մասն այս պահին մենք իրականացնում ենք՝ ըստ կարիքի։ Վիճակը բավարար է, նրանք առաջին հետազոտման փուլն անցել են, արդեն հաջորդիվ կարիքները կբավարարվեն»,- հավելեց նախարարը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, եւ նա հիմա վերականգնման փուլ է անցնում։

Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաեւ կալանքի տակ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակին։ «Պարոն Սամսոնյանն իր անհրաժեշտ բուժօգնությունը ստանում է»,- նշեց նախարարը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment