«Ես հույս ունեմ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ տեղի կունենան»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր է, եւ զարգացումներ կան այդտեղ։ Վաղուց հասունացած է, որ իրադարձություններ տեղի ունենան։ Ես հույս ունեմ, որ այդ իրադարձությունները տեղի կունենան եւ դեռեւս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածություններն առնվազն իրականություն կդառնան»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հայկական կողմը Ախուրիկի ու Մարգարայի հատվածում գործողություններ է իրականացնում, որ հնարավոր որոշումները չխոչընդոտվեն մեր կողմից անպատրաստ լինելու պատճառով։ Ըստ նրա՝ Մարգարայի անցակետն արդեն լիարժեք պատրաստ է։ Բայց սահմանը բացվելուց հետո կամուրջը բավարար չի լինելու, պետք է մտածել նոր կամուրջներ կառուցելու մասին՝ եւ Արմավիրի, եւ Շիրակի մարզերում։

«Մենք այսօր պայմանավորվածություն ունենք Անիի հատվածում պատմական կամրջի վերականգնման մասին, այդ ուղղությամբ են քննարկումները գնում։ Եվ հնարավոր է առաջիկայում գործնական աշխատանքներ սկսվեն, որը խորհրդանշական նշանակություն ունի»,- ասաց նա։

«Դիվանագիտական խողովակներով աշխատանք արվում է, որոշակի ազդակներ մենք ստանում ենք, նաեւ հրապարակային։ Տեսնում ենք, որ Թուրքիայից որոշակի դրական ազդակներ կան, բայց տեսնենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ի՞նչ է ենթադրում սահմանը երրորդ երկրների համար բացելը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment