Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մի շարք պաշտոններ են ստանձնել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանին անցած քվոտայով ԵԽԽՎ 18 փոխնախագահներից մեկը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն է։
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանն ընտրվեց ԵԽԽՎ-ում Ալդե (ALDE) քաղաքական խմբի փոխնախագահ, ավելի ուշ՝ նաև Երիտասարդության և ապագայի հասարակության ենթահանձնաժողովի նախագահ։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ։
Նշենք, որ քիչ անց՝ Երևանի ժամանակով ժամը 15։00-ին, ԵԽԽՎ-ում նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը, որին կհաջորդի հարցուպատասխանը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:


