Տարբեր դիրքորոշումներ՝ նույն վճռի շուրջ․ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը նոր վճիռ ունի ՀԷՑ-ի առնչությամբ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ Կարապետյանների ներկայացրած միջնորդության բոլոր պահանջները։ 2025 թվականի դեկտեմբերի 24-ին կայացված որոշմամբ տրիբունալը փաստացի չի բավարարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ արտակարգ ապահովման միջոցների կիրառման վերաբերյալ հայցվոր կողմի որևէ պահանջ։ Իշխանության ներկայացուցիչները սա գնահատում են որպես Հայաստանի հաղթանակ միջազգային իրավական հարթակում, մինչդեռ ՀԷՑ-ի սեփականատերերը որոշման շուրջ ունեն այլ մեկնաբանություն։

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները քննելուց հետո վճիռ է կայացրել 2025 թվականի դեկտեմբերի 24-ին։

Տրիբունալը քննել է Liormand Holdings Limited-ի՝ Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի  ներկայացրած միջնորդությունը, որով պահանջվում էր մի շարք արտակարգ միջոցներ կիրառել  Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Մասնավորապես, հայցվորները պահանջել էին հաստատել, որ ՀՀ-ն չի կատարել արտակարգ արբիտրի՝ 2025 թվականի հուլիսի 22-ի որոշումը, վերականգնել ՀԷՑ-ի լիցենզիան և կառավարման մարմինների լիազորությունները, դադարեցնել ժամանակավոր կառավարչի լիազորությունները, ինչպես նաև արգելել ընկերության բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը կամ օտարումը։

Մեկնաբանելով Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշումը՝ իշխանության ներկայացուցիչներն այն գնահատում են որպես ՀՀ հաղթանակ։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ տրիբունալը մերժել է միջնորդության բոլոր պահանջները՝ արձանագրելով, որ դրանք չեն հիմնավորվում բավարար իրավական և փաստական հիմքերով։

«Ամբողջությամբ չի բավարարվել հայցվոր կողմի հայցը։ Ավելին՝ փաստորեն այդ ամբողջ  դատական գործընթացների ծախսային մասը ևս պարտավոր է հոգալ հայցվոր կողմը։ Սա մեծ հաղթանակ է ՀՀ-ի համար»:

Կառավարությունը հուլիսի վերջին էր արձագանքել ՀԷՑ-ի սեփականատերերի՝ Կարապետյանների հաղորդագրությանը, թե հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված օրենսդրական փոփոխություններով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։ Կառավարությունն ի պատասխան հայտարարել էր՝ «հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը»: Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ կառավարության դիրքորոշումը շատ հստակ էր.

«Այս որոշումն անբեկանելի էր և ՀՀ-ն մտադիր էր մինչև վերջ ՀՀ պետական և, հետևաբար, ժողովրդի շահերը պաշտպանել միջազգային դատարանում, ինչը և տեղի ունեցավ և փաստացի ստացվում է, որ կառավարության ներկայացուցիչները այդ թվում միջազգային դատարաններում ապացուցեցին հիմնավորվածությունը այդ որոշման և, կարելի է ասել, որ քաղաքական դիսկուրսից այս ամբողջ պատմությունը տեղափոխվեց իրավական հարթություն և այդտեղ ևս մենք հաղթեցինք»։    

Ստոկհոլմի արբիտրաժի տրիբունալի կայացրած որոշման առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ թեև ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում կրած պարտությունը հաղթանակ է ներկայացնում, բայց, մեջբերում, Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից: Կարապետյանի փաստաբանական թիմից հայտնել են, որ որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանում կներկայացնեն։

Այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ողջունել է ընդունված որոշումը՝ կարևորելով հանգամանքը, որ այն կայացվել է վեճն ըստ էության լուծելու լիազորություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի կողմից, այլ ոչ թե արտակարգ արբիտրի։ Պաշտոնական դիրքորոշման մեջ նշվում է.

«Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ արբիտրաժային վարույթին մասնակցել բարձր պրոֆեսիոնալիզմով և գործընթացի նկատմամբ լիակատար հարգանքով»։  

ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նկատում է.

«Կառավարության տարածած հայտարարությունից կարելի է արդեն հետևություն անել, որ այս պահի դրությամբ շատ կարևոր հաղթանակ է տարել հայ ժողովուրդը, և պետությունը, վստահ եմ, որ հետագայում ևս, եթե որևէ վերաքննիչ կարգով բողոքարկման հնարավորություն լինի, վստահաբար՝ ՀՀ-ն շարունակելու է բոլոր ատյաններում պաշտպանել իր շահերը և այն որոշումը, որը կայացվել է»։    

Պաշտոնական հայտարարությամբ շեշտվում է, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն պաշտպանել իր դիրքորոշումներն ու շահերը՝ միաժամանակ պահպանելով կառուցողական գործակցությունը թե՛ հայցվոր կողմի, թե՛ Արբիտրաժային տրիբունալի հետ։

Leave a Comment