ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունը հունվարի 22-ին միացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդին։
Դեռ օրեր առաջ վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի այս տարվա տնտեսական համաժողովին։ Այդ հարթակում այս անգամ Հայաստանը պետք է ներկայացներ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Որոշումը վերանայվեց, սակայն ԱՄՆ նախագահի հրավերից հետո, և Հայաստանի վարչապետը մեկնեց Շվեյցարիա։
19 պետությունների ղեկավարներ և Միացյալ Նահանգների նախագահը Դավոսի բեմին․ Թրամփից աջ նստած էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ ձախակողմյան աթոռը հատկացվել էր Ադրբեջանի նախագահին։ Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությունից առաջ Թրամփը, ելույթում թվելով իր վարչակազմի օրոք դադարեցված պատերազմները, հիշատակեց նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը: Նա ասաց, որ այդ երկրներից շատերի առաջնորդները դարձել են իր բարեկամները: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասին խոսելիս նա օգտագործեց նույնիսկ «ընկերներ» ձևակերպումը։
Թրամփի նախաձեռնությամբ՝ Հայաստանը ստորագրեց հերթական փաստաթուղթը՝ այս անգամ միանալով Խաղաղության խորհրդին և դառնալով հիմնադիր անդամ։ Նորաստեղծ կառույցին միանալու համաձայնագիրը ստորագրելու համար երկրների ղեկավարները սեղանին էին մոտենում այբբենական կարգով։
Թրամփի հաշվարկով՝ Միացյալ Նահանգներն իր գլխավորությամբ կարգավորել է ութ պատերազմ։ Նա համոզված է, որ շուտով այդ թիվը փոխվելու է։
Դեռ նախօրեին՝ Դավոսում պանելային քննարկման ժամանակ, խաղաղություն հաստատելու դրական փորձի մասին խոսում էր Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հետագա փոփոխությունների կանխատեսումների կողքին նա ձևակերպեց Հայաստանի որդեգրած սկզբունքը աշխարհաքաղաքական իրադարձությունների շղթայում։
«Իհարկե, մենք հիմա ապրում ենք շատ տուրբուլենտ ժամանակաշրջանում։ Հիմա արդեն աշխարհի քաղաքական քարտեզում շատ փոփոխություններ են տեղի ունենում և կառավարման մեթոդների մեջ փոփոխություններ են լինում, և այստեղ առավել ևս խնդիրներ են ունենում փոքր երկրները։ Բայց ես չեմ էլ թերագնահատում փոքր լինելու գործոնը, ինչ–որ տեղ նաև սա առավելություն է, որովհետև մեծերն էլ ունեն իրենց մեծ խնդիրները։ Մենք չպետք է մտնենք այդ մեծ խնդիրների մեջ։ Մենք, մեր երկրի շահերից ելնելով, մեր քայլերը պետք է անենք։ Այսօրվա փոփոխվող աշխարհում շատ ավելի կարևորվում է և՛ Միջին միջանցքի դերը, և՛ Հարավային Կովկասի դերը, և՛ նոր լոգիստիկ հնարավորությունների դերը։ Եվ այս առումով մեր տարածաշրջանը ավելի կարևոր նշանակություն է ստանալու թեկուզև ԵՄ համար, եվրոպական երկրների համար, ինչու չէ, նաև Հեռավոր Արևելքի երկրների համար։ «Հավերժ թշնամիներ» հասկացություն չկա․ միգուցե կան հավերժ շահեր, որ ընդունելի են։ Մենք պետք է այդ հավերժ շահերը կապենք մեր բարեկեցության հետ, մեր երկրի տնտեսական զարգացման հետ, մեր հարևանների հետ բարիդրացիական և իսկապես խաղաղ, ջերմ հարաբերություններ ունենալու հետ։ Նույնը վերաբերում է Թուրքիային»։
Դեռ հինգ օր առաջ վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Դավոս։ Բայց Միացյալ Նահանգների նախագահի հրավերը և Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցելը ծանրակշիռ պատճառներ էին, որպեսզի վարչապետ Փաշինյանը փոխի իր որոշումը։

Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան․
«Մեզ համար սա շատ կարևոր միջոցառում է»։
Մինչև Շվեյցարիայում համապատասխան փաստաթուղթ ստորագրելը Հայաստանի կառավարությունը գրավոր ընթացակարգով հավանություն էր տվել Խաղաղության խորհրդի կանոնադրությանը: Արտաքին գործերի նախարարին հանձնարարվել էր կազմակերպել կանոնադրության ստորագրումը: Նախագծին կից որևէ հիմնավորում չի ներկայացվել։
Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է Խաղաղության խորհրդին անդամակցելու և համահիմնադիր դառնալու համար վճարելու սահմանված 1 մլրդ դոլարը։ Այդ հարցը տարընթերցումների առիթ է դարձել։ Մինչև հարցին վերջնական պատախան տրվելը շրջանառվում են վճարի հետ կապված տարբեր սցենարներ՝ աստիճանաբար մարելու հեռանկարից մինչև մասնակի վճարումներ։ Խորհրդարանական մեծամասնության անդամ Արթուր Հովհաննիսյանը այս հարցի վերջնական լուծումը դեռ չի ներկայացնում, բայց որոշակիորեն պարզաբանում է․
«Նախ՝ պնդումը պետք է վերջնականապես ճշտվի։ Վարչապետի աշխատակազմը, ըստ էության, այդ հարցերի պատասխանները կտա։ Ես նման տեղեկություն այս պահին չունեմ, նաև կարծում եմ, որ հրավերը կարող է տարբեր ղեկավարների տարբեր տրամաբանությամբ ուղարկվել, և նշված պայմանը կարող է նաև պարտադիր չլինել դրա համար։ Երբ գա ժամանակը, վարչապետի աշխատակազմը դրան անպայմանորեն կծանոթացնի մեր հանրությանը»։
Անգամ եթե 1 մլրդ դոլար վարձավճարը վերանայվի, ասենք, Հայաստանի համար, միևնույն է, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խնդիրներ է տեսնում պետության համար։
«Հիմա ես տրամաբանական հարց եմ տալիս․ Ձեր կարծիքով՝ եթե նույնիսկ տարբեր երկրների համար տարբեր է վճարի ներդրման չափը, այն երկիրը, որը կներդնի 1 մլրդ դոլար, և այն երկիրը, որից չեն ուզի, և ինքը չի ներդնի այդ միլիարդ դոլարը, նույնիսկ եթե դա այդպես է, Ձեր կարծիքով՝ նույն ձայնի իրավո՞ւնքն են այդտեղ ունենալու։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»։
Միացյալ Նահանգների նախագահը հինգ տասնյակից ավելի երկրների ղեկավարների էր հրավիրել՝ Խաղաղության խորհրդի հարթակին միանալու։ Հրավերներ էին ստացել նաև Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները, որոնց նկատմամբ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել։ Թրամփը սկզբում հայտարարել էր, որ իր նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, սակայն, Թրամփի խոսքից հասկանալի է, որ շատ ավելի մեծ խնդիրներ է դնում կառույցի առաջ՝ հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները:
ԱՄՆ նախագահը, սակայն, հայտարարել է նաև, որ Խաղաղության խորհուրդը «հնարավորություն ունի լինելու պատմության մեջ ամենաազդեցիկ խորհուրդը», և որ այն կաշխատի ՄԱԿ-ի հետ համատեղ։ Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո արդեն, սոցցանցում լուսանկար տարածելով, Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրեց, որ ընդդիմությունը հերթական անգամ սխալվել է՝ պնդելով, թե Փաշինյանը Հայաստանը դարձրել է թույլ, անկարևոր երկիր միջազգային