Առնոյին «Lավագույն կոմպոզիտոր» շնորհեցին Ճապոնիայում, Մագոմաեւին՝ 6-րդ տեղ. Արամ Սաթյանը Բաբաջանյանի մասին

Առնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը դիմել է իրավապահներին, քանի որ ըստ Sputnik Արմենիայի, համացանցում «Սատանայի անիվը» երգի ներքո, որ կատարում է ադրբեջանցի երգիչ Մուսլիմ Մագոմաեւը, որպես տեքստի հեղինակ նշված է Ռոբերտ Ռոժդեստվենսկին, իսկ երաժշտությունը որակված է Բաքվի ֆոլկլոր: Իրականում երաժշտության հեղինակը մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Եվգենի Եվտուշենկոն:

«Սատանայի անիվը» երգը կատարել են Մուսլիմ Մագոմաեւը, Իոսիֆ Կոբզոնը, Լեւ Լեշչենկոն, Սերգեյ Զախարովը, Թամարա Գվերդծիթելին, Ռոզի Արմենը եւ ուրիշներ: Բաբաջանյանի եւ Մագոմաեւի համագործակցությունը սկսվել էր 1960-ականներից։ Նա հայտնի է Առնո Բաբաջանյանի մի շարք ստեղծագործությունների կատարմամբ:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասում է, որ նման խնդիրների չբախվելու լավագույն ճանապարհը հեղինակային իրավունքը գրանցելն է. «Հեղինակային իրավունքի գրանցումը պաշտպանում է մեր ստեղծագործությունները: Եթե չեմ սխալվում, Առնոյի իրավունքները պաշտպանվում են Մոսկվայի հեղինակային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցի կողմից: Պետք է նրանց դիմել, էլ չեմ խոսում այն մասին, որ յուրաքանչյուր կատարման համար կոմպոզիտորին գումար է հասնում: Պետք է դիմել նաեւ ֆինանսական փոխհատուցման պահանջով:

Օրինակ, ինձ մոտ շատ են գալիս անձինք, ու ասում են՝ այս երգը ես եմ գրել, բայց ուրիշի անունով է գնում: Հատկապես ինքնուսներն են շատ դիմում, ինչպես «Ծաղիկներ, ծաղիկներ» երգի պարագայում: Իրենց դժգոհություններն են ներկայացնում, ես էլ ուղղորդում եմ՝ դիմեք հեղինակային իրավունքներով զբաղվող մարմնին: Խորհրդային տարիներին եւս ես գրանցած էի այդ կազմակերպությունում, անգամ վարձատրվում էի վալյուտայով»:

Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահը մի դրվագ հիշեց. «Մուսլիմ Մագոմաեւը Տոկիոյում 1974 թ մասնակցել է երաժշտական միջազգային փառատոնի, կարծեմ Առնո Բաբաջանյանի «Свадьба» երգով: Ի դեպ, նրան տվեցին 6-րդ տեղը, իսկ Առնոյին՝ «Լավագույն կոմպոզիտոր» շնորհեցին… Առնոն էլ հումոր էր անում, թե մեջը փող չկա, մինչդեռ մեկ երգի համար մեծ գումար էր հասնում: Այնպես որ, նորից եմ շեշտում, բոլոր հարցերը կարգավորվում են հեղինակային իրավունքի դաշտում»:

Արամ Սաթյանից հարցրինք՝ կարո՞ղ է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, ասենք բողոք ուղարկել Ադրբեջանի կոմպոզիտորների միությանը հայ հեղինակների ստեղծագործությունները յուրացնելու կամ աղավաղելու հետ կապված, կամ անձամբ ինքն ինչպե՞ս է իր իրավունքները պաշտպանելու, եթե մի օր էլ իր հայտնի ստեղծագործություններից մեկը յուրացնեն հարեւան երկրում: «Հեղինակային իրավունքով եմ պաշտպանելու: Արա Գեւորգյանն ինչպես շահեց իր «Արցախ» ստեղծագործության հեղինակային իրավունքի հետ կապված դատը»:

Առնո Բաբաջանյանի «Սատանայի անիվը»՝ Ռոզի Արմենի կատարմամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment