Պարգեւներ՝ «խաղաղություն հաստատելու» համար

ԱՄՆ նախագահ Թրամփն անկեղծորեն զայրացել էր, որ Նորվեգիան իրեն խաղաղության Նոբելյան մրցանակ չի տվել՝ կարծելով, որ այդ մրցանակի ճակատագիրը որոշում է այդ երկրի կառավարությունը: Մինչդեռ դա անում է Նոբելյան նորվեգական կոմիտեն, որի անդամներին նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը: Նորվեգիայի վարչապետին ուղղված իր ջղային նամակում Թրամփը սպառնում է այլեւս չզբաղվել խաղաղություն հաստատելով՝ ի պատասխան երախտամոռ վերաբերմունքի: Նա կարծում է, որ կանգնեցրել է 8 պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ չնայած այդ երկու երկրների անունները նրա հիշողության մեջ լավ չեն տպավորվել:

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները՝ Ալիեւը եւ «այն մյուս տղան», կարծում են, որ Թրամփը միանգամայն արժանի էր այդ մրցանակին: Այդ երկուսը նույնպես իրենց «մեծ խաղաղարար» են համարում: Բայց ոչ այնքան մեծ, որքան Թրամփն է: Դրա համար էլ բավարարվում են ավելի համեստ՝ «Զայեդ» Մարդկային եղբայրության մրցանակով:

Իրոք որ՝ Փաշինյանն ու Ալիեւը շատ են տանջվել խաղաղություն հաստատելու համար: Մեկը հարձակվել է Արցախի վրա, հայաթափել այն եւ հիմա ոչնչացնում է այնտեղ հայկական մշակութային ժառանգությունը ու բանտերում է պահում Արցախի ղեկավարներին:

Մյուսն իրավիճակը հասցրել է պատերազմի, խայտառակ պարտություն է կրել, տվել է առնվազն 4000 զոհ եւ հիմա կատարում է Ալիեւի բոլոր պահանջները: Մի խոսքով՝ իսկական «Զայեդ», արաբերենից թարգմանած՝ «առատ», «բարգավաճ», «զարգացող»:

Փաշինյանն, այսպիսով, բարոյապես բավարարված է: Բայց նա հո մենա՞կ չէր խաղաղություն հաստատում: Նա անում էր դա ամբողջ ՔՊ-ով, ամբողջ հայաստանյան բարձրաստիճան բյուրոկրատիայով: Բոլորին «Զայեդ» չես տա, բայց ամեն մեկին կարող ես տալ 7-8 միլիոն դրամանոց պարգեւավճար:

Դա նաեւ փոխհատուցում է՝ մեր փառապանծ իշխանավորների աշխատանքային սթրեսի համար: Սթրեսից մարդիկ, ինչպես հայտնի է, նիհարում են: Պարգեւավճարները փոխհատուցում են կորցրած կալորիաները:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment