«Գնումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նպատակը խաղի հստակ կանոններ սահմանելն է։ Խորհրդարանում քննարկվել է առաջարկը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավաննեսյանը ներկայացրել է գործող կարգը։ Նա նշել է, որ այժմ ՀՀ-ում գործում է այնպիսի կարգավորում, ըստ որի գնումների պայմանագրի կառավարման հետ կապված վեճ առաջանալիս դատարանը իրավասու է կասեցնելու պատվիրատուի գործողությունները։ Սա իր հերթին նոր խնդիրներ է առաջացնում։ Մասնավորապես, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները մնում են անավարտ՝ մինչև խնդիրների վերջնական լուծումը։ Այժմ դրանցից խուսափելու համար օրենսդրական փոփոխություններ են առաջարկվում։
Խորհրդարանը քննարկել է ««Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվող փոփոխությունների նպատակը խոշոր ծրագրերում իրականացվող գնման գործընթացների ժամանակ առաջացող հնարավոր խնդիրները կարգավորելն է։ Առանցքային փոփոխությունն այն է, որ կառավարությունը նախապես հայտարարում է, որ տվյալ գնումը պետության համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի։ Տնտեսավարողները, որոնք նպատակ ունեն մասնակցելու նման մրցույթներին, ի սկզբանե կտեղեկանան, որ աշխատելու է առաջարկվող կարգավորումը: Մինչև խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ ներառվելը, նախագիծը քննարկվել էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավաննեսյանի խոսքով ՝ «Գնումների մասին» օրենքը 2016թ-ից է շրջանառության մեջ, և իրավակիրառ պրակտիկայում շատ հաճախ են խնդիրներ առաջանում․
«Լինում են դեպքեր, երբ գնման առարկան և գնման բնութագիրը իրար հավասարեցված էին ընկալվում։ Սա ի՞նչ խնդրի է հանգեցնում․ «Գնումների մասին օրենքով» արգելվում է գնման առարկան փոփոխելը։ Այսինքն, եթե մենք, օրինակ, որոշում ենք դպրոց կառուցել, ապա դպրոցը չի կարելի փոխել, օրինակ՝ ճանապարհի կամ պուրակի, կամ որևէ այլ բանի, սակայն այսքան ռիսկ կա, որ որոշ իրավաբաններ և հնարավոր է նաև դատավորներ ինտերպրետացնեն գործող օրենքը այնպես, որ գնման բնութագիրը ևս չի կարելի փոխել։ Ստեղծվում է իրավիճակ, երբ օրինակ, դպրոցի շինարարության ժամանակ նախագծում առկա էր սխալ կամ ինչ-որ գեոդեզիայի արդյունքում լրացուցիչ խնդիրներ են առաջանում, որոնք պետք է փոփոխությունների բերեն, ստացվում էր, որ հնարավոր չէ նման փոփոխություններ անել։ Ակնհայտ է, որ բազմաթիվ դեպքերում ոչ պատվիրատուն, ոչ կապալառուն չեն կարող կանխատեսել, ուստի, մենք կարելի է ասել՝ փակուղու մեջ ենք հայտնվում»։
Քանի որ հետևում են օրենքին, նման ռիսկերը ավելի տեսանելի են դարձել։ Բացի այդ, հստակ սահմանում են գնման առարկայի բնութագիրը։ Այժմ էլ դրանք կառավարությունն է սահմանում, բայց առաջարկվող փոփոխություններով ավելի հստակ կդառնան․
«Ներկա կարգավորումներով բանկային երաշխիք ներկայացնելու համար 10 օրը հստակ է նախատեսված, սակայն տարբեր դեպքեր կան, որտեղ բանկային երաշխիքի ծավալը մեծ է՝ պայմանավորված պայմանագրի մեծությամբ, ինչպես նաև որոշ դեպքերում բանկերն են ինչ –որ բաներ ուշացնում։ Այժմ առաջարկում ենք, որ բանկային երաշխիք ներկայացնելու համար սահմանված ժամկետը հրավերով է, բայց չի կարող պակաս լինել 10 օրվանից»։
Կանոնները հայտնի են, մրցակցային դաշտը՝ հավասար՝ ընդգծում է փոխնախարարը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հստակեցնում է․
«Այսինքն, երբ մրցույթի է դրվում, կոնկրետ ինչ-որ մի բան, մրցույթի մասնակցողն էլ գիտի, որ այդ ընթացակարգով է լինելու։ Այսինքն, ինքը գիտի, որ եթե հանկարծ ինչ-որ խնդիրներ առաջանան, այդ խնդիրները, անկախ դատական վեճից, պետք է ինքը լուծի պատվիրատուի պահանջով»։
ԱԺ-ն «Գնումների մասին» օրենքը 2016թ է ընդունել։ Դրանից հետո օրենքում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարվել են։ Իսկ 2024 թ․«Գնումների մասին» նոր օրենքի նախագիծ դրվեց շրջանառության մեջ։ Ներկայում առաջարկվող օրենսդրական լուծումների նպատակը սահմանված կարգավորումների պարզեցումն է, ինչը, հեղինակների կարծիքով, ավելի հստակ և միանշանակ կանոններ կստեղծի, որոնք էլ կբացառեն տարաբնույթ մեկնաբանությունները: