Իշխանությունները փորձում են դաշտից հանել այն բոլոր գործիչներին, որոնք ունեն հնարավորություն պայքարում հաջողություններ արձանագրել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբացության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի քրեական հետապնդման երկու պատճառ է տեսնում, Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու գործընթացում ընդդիմության միասնական թենածու լինելը եւ նրա աճող հեղինակությունը:

«Դավիթ Համբարձումյանը 2016-ին է հաջողություն գրանցել եւ այս իշխանության ժամակահատվածում է հաջողություն գրանցել, որովհետեւ հեղինակություն ունի իր համայնքում: Այս տեսանկյունից իշխանության ամբողջ շղթան տարբեր ուղղություններով անընդհատ զարգանալու է, սա ունի նաեւ ընտրական տրամաբանություն: Դաշտից հանել կամ թուլացնել այն բոլոր ուժերին ու գործիչներին, որոնք ունեն հնարավորություն այդ պայքարում հաջողություններ արձանագրել ու իշխանության համար խնդիրներ ստեղծել: Դավիթ Համբարձումյանի շուրջ ստեղծված այս իրավիճակը այդ ընդհանուր գործընթացի մի կարեւոր մասն է կազմում: Կարեւոր, որովհետեւ ՀՀ բարձրացրած օրակարգն այդ պահին միակն էր, որը քաղաքական հանգուցալուծում ենթադրում էր ընտրություններից դուրս՝ մինչեւ ընտրական գործընթացը»,- ասաց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի որոշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով եւ գրավով:

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության Հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով բռնություն գործադրելու համար:

Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment