Թեև 2025 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենահաճախակի այցերի ուղղություններից մեկը եղել է Ռուսաստանի Դաշնությունը, բայց պաշտոնական Երևանի և Մոսկվայի հարաբերությունների այսպես ասած «ազատ անկումը», որը սկսվել էր ՀԱՊԿ-ի աջակցության բացակայությունից և ԼՂ-ում ռուս խաղաղապահներից ակնկալվող գործողությունների բացակայությունից, շարունակվում է։ Մինչ Փաշինյան-Պուտին հանդիպումներում շեշտվում է երկկողմ գործակցության խթանումը, ռուսական մամուլում տեղեկություներ են տարածվում, որ Կրեմլը քարոզչության տարածման կամ soft power-ի կիրառման ծրագիր է մշակում, որի առանցքային ուղղություններից մեկն էլ Հայաստանն է։ Ի՞նչ է ծրագրում Մոսկվան՝ փորձել են հասկանալ մի շարք լրատվամիջոցներ։
Ռուսաստանի նախագահի աշխատակազմը դրամաշնորհի միջոցով կֆինանսավորի իր այսպես կոչված «փափուկ ուժի» ընդլայնումը արտերկրում, կենտրոնանալով, մասնավորապես, Հայաստանի վրա։ Այս տեղեկությունը սեփական աղբյուրներին հղումով տարածել են ռուսական РБК-ն, կովկասյան թեմաներ լուսաբանող վրացական OC Media-ն, իսկ ավելի վաղ՝ 2025 թվականի մայիսին, ռուսական «Վեդոմոստի»-ին հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, մեջբերում, «հանձնարարական կունենա»՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ «փափուկ ուժի» միջոցով առաջ մղել ռուսական շահերը Հայաստանում։ Ի՞նչ կարող է սա նշանակել, պարզաբանում է քաղաքագետ Էդգար Վարդանյանը։
««Փափուկ ուժն» ամերիկյան կոնցեպտ է իրականում, որն իրականացվում է հետևյալ սխեմայով` դու ներկայացնում ես քո երկրի գրավչությունը։ Օրինակ` ամերիկյան կյանքի ձևը։ Ռուսաստանն ի՞նչ ունի այսօր գրավիչ, որով կարող է գրավել հայ հասարակության ուշադրությունը և այնպես անել, որ դրական վերաբերմունք ձևավորվի Ռուսաստանի նկատմամբ։ Կարծում եմ, որ խոսքը միայն ու միայն դեզինֆորմացիոն արշավների, հիբրիդային տարատեսակ հարձակումների մասին է։ Հիբրիդային սպառնալիքների գործիքակազմերի մեջ են նաև կիբերհարձակումները, տնտեսական շանտաժը։ Որոշակի տնտեսական կախվածությունը, որ Հայաստանը ունի, անընդհատ օգտագործվելու է ինֆորմացիոն դաշտում վախեր սերմանելու համար։ Սերմանվելու է վախ հնարավոր ռազմական գործողություններից, առաջ է քաշվելու այն գաղափարը, որ եթե դուք, օրինակ, Արևմուտքի հետ խորացնում եք ձեր հարաբերությունները, դա Ռուսաստանի դեմ է։ Նաև, իհարկե, ավանդական թեմաները՝ թուրքական գործոնով վախեցնելը»։
2026-ի առաջին օրերին սա արդեն երկրորդ այսպես ասած քարոզչական ազդակն է, որը Հայաստանը ստանում է Ռուսաստանից։ Առաջինը ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությունն էր այլ տարածքներում «հատուկ ռազմական օպերացիայի», Ռուսաստանի ազդեցության գոտիների և, մեջբերում, «միջազգային իրավունքի վրա թքած ունենալու» մասին։ Քանի որ Սոլովյովը դիրքավորվում և ընկալվում է որպես Կրեմլի քարոզիչ, շատ վերլուծաբաններ նրա այսպես ասած «ռազմատենչ» հայտարարությունը գնահատեցին որպես հանրային կարծիքը շոշափելու փորձ, որը, սակայն, ըստ ամենայնի, տապալվեց։ Հունվարի 11-ին արված այդ հայտարարությունից և ԱՊՀ մի շարք երկրներում դժգոհության մեծ ալիքից հետո շատերի ուշադրությունից չի վրիպել, որ Սոլովյովի ամենօրյա հաղորդումները «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում չկան, նրա երեկոյան հաղորդման փոխարեն ցուցադրվում են սերիալներ։ Սակայն կիրակնօրյա հաղորդումը ծրագրերի ցանկում է։
Թեև պաշտոնապես ոչինչ չի հաղորվում, բայց վերլուծաբանները, հիմնվելով տեղեկատվական արտահոսքի վրա, նշում են, որ Սոլովյովի հայտարարությունները դժգոհություն են առաջացրել նաև հենց Մոսկվայում՝ ռուս դիվանագետներին փոխանցվող բողոքի նոտաների պատճառով, պետական համակարգն անհարմար դրության մեջ դնելու համար։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շտապեց հորդորել՝ տարանջատել պետական մոտեցումը Կրեմլի քարոզչի տեսակետներից՝ նշելով, որ հայտարարությունը լրագրողի կարծիքն էր իր մասնավոր ալիքով։

Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումները հրապարակվում են լիազորված պաշտոնական անձանց միջոցով։
Հայաստանում, մինչդեռ, կարծիք է հնչում, որ Սոլովյովի հայտարարությունը տեղավորվում է հենց Կիրիենկոյին հանձնարարված «փափուկ ուժի» կիրառման քաղաքականության շրջանակում։ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Լուսինե Բադալյան․
«Երբ տարիներ շարունակ մենք անընդհատ խոսում էինք այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս դե յուրե շարունակելով մնալ անկախ, ինքնիշխան հանրապետություն, բայց դե ֆակտո գաղութային տրամաբանության է գնում նույն Ռուսաստանի Դաշնության համար, մեզ մեղադրում էին, անընդհատ թիրախավորում էին։ Սոլովյովը շատ պարզ ասում է՝ «մեր ազդեցության գոտի»։ Ինձ համար, որպես Հայաստանի անկախ պետության քաղաքացի, խիստ վիրավորական է, երբ իմ ինքնիշխան, անկախ տարածքը մեկ այլ պետություն համարում է իր ազդեցության գոտի և իրեն թույլ է տալիս հայտարարություններ անել, որ այդ ազդեցության գոտին պահելու համար ինքը պատրաստ է շատ անթույլատրելի քայլերի»։
Մյուս կողմից՝ հայաստանյան ընդդիմադիր դաշտից հիբրիդային պատերազմի թեմային առնչվող մեղադրանքներ են ուղղում հենց Հայաստանի իշխանությանը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ իշխանությունները հիբրիդային պատերազմի մասին խոսույթ գեներացնելով փորձում են չեզոքացնել ընդդիմությանը։
«Պատերազմ, հիբրիդ, եկել են հիբրիդները։ Բնականաբար, ասում են, որ դա օտար ուժերն են անում, անունը չեն տալիս, բայց մոտավորապես «նամյոկ» են անում՝ ով է։ Գործող իշխանությունը միլիոնավոր դրամներ է ծախսում, որ իր քննադատներին, քաղաքական մրցակիցներին, չեմ ուզում անգամ հակառակորդ բառը օգտագործել, վարկաբեկի, խայտառակի, շարքից հանի։ Միայն իմ մասին չէ խոսքը»։
«Փափուկ ուժի» իր քաղաքականությունը ԱՊՀ մի շարք երկրներում առաջ մղելու համար, ըստ հրապարակումների, Մոսկվան պատրաստվում է ծախսել շուրջ 13 միլիարդ ռուբլի կամ 165 միլիոն դոլար։ Նշվում է, որ սա ընդհանուր նախագծի բյուջեն է և հատկացվել է ԱՊՀ 9 երկրում, ինչպես նաև՝ Աֆրիկայում և այլ տարածաշրջաններում ծրագիրն իրականացնելու համար։ Եթե պայմանական և շատ պարզ հաշվարկով հավասար բաժանենք այդ գումարը, ստացվում է, որ յուրաքանչյուր երկրում Կրեմլը պատրաստ է իր քարոզչական ծրագրերի համար ծախսել մոտ 15 միլիոն դոլար։
Համեմատության համար հիշեցնենք, որ Եվրամիությունը 2025-ի ավարտին պատրաստակամություն էր հայտնել 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին՝ դա ձևակերպելով որպես հիբրիդային հարձակումներին դիմակայելուն ուղղված աջակցություն։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիբրիդային պատերազմի դրսևորման թարմ օրինակ է ներկայացնում․
«Քաղաքականության մեջ «չոչ անող» մի փոքրիկ աշխուժակ, որոշ շրջանակներ երեկվանից կեղծիք են տարածում, թե իբր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում։ Այ, սա է հիբրիդային պատերազմը, որ կեղծիքի փամփուշտներով կրակում են ձեր մտքերի վրա, պղտորում են ձեր հոգին, ձեր միտքը։ Ուզում են խաղաղության փոխարեն ձեզ մատուցել տագնապներ ու վախեր, որ այդ վախերի վրա սողոսկելով վերադառնան իշխանության։ Թույլ չենք տալու։ Իսկ խաղաղություն լինելու է»։
Կառավարության վերջին նիստից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ արդյոք Հայաստանի կասկածները՝ կապված Ռուսաստանից եկող հիբրիդային պատերազմի վտանգների հետ, ինքն անձամբ ներկայացրե՞լ է Պուտինին հանդիպումների ժամանակ և եթե այո, ի՞նչ պաատասխան է նրանից ստացել։ Հարցի այս հատվածին վարչապետը չանդրադարձավ, պատասխանեց հարցի մյուս մասին։

«Ես կփորձեմ ձեր կոնկրետ հարցին տալ կոնկրետ պատասխան։ Ասում եք` ո՞րն է օրինակը հիբրիդային պատերազմի։ Կտրիճ Ներսիսյանը հիբրիդային պատերազմի շատ կոնկրետ օրինակ է»։
Վերադառնալով Կրեմլի այսպես ասած «փափուկ ուժի» կիրառման ծրագրերին․ այդ մասին հրապարակումներում ներկայացվում է, թե, մեջբերում, «կատարվելու է տեղեկատվական, ոչ թե ընտրական աշխատանք»։ Նախագահի վարչակազմի կողմից ֆինանսավորումից բացի, ըստ РБК-ի աղբյուրների, կառավարությունն ակնկալում է, որ այլ կազմակերպություններ, ինչպիսիք են Ռուսաստանի Միջազգային մարդասիրական համագործակցության դաշնային գործակալությունը՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և RT լրատվամիջոցը, նույնպես կունենան ներդրում, բայց արդեն այլ ձևերով։
Վրացական OC Media-ն էլ գրում է, որ Հայաստանում կատարվելիք առաջադրանքներից մեկը, հավանաբար, կլինի վարչապետ Փաշինյանի դեմ ընդդիմության մոբիլիզացիան ընտրություններից առաջ։ Սա ուշագրավ է այն համատեքստում, որ մինչ Փաշինյանը պահպանել է քաղաքավարի հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ 2025 թվականի ընթացքում մի քանի անգամ այցելելով այդ երկիր, ազդեցիկ ռուս մեկնաբանները խստորեն քննադատել են նրան։
Վերջին ամիսներին փաստեր ստուգող հայ և արտասահմանցի մասնագետները նկատել են Հայաստանին առնչվող ապատեղեկատվության աճ, որոնց հիմնական հոսքը, ըստ մեդիափորձագետների, թուրքական, ադրբեջանական և ռուսական աղբյուրներից է։