Շերլոք Հոլմսի թանգարանի հիմնադիր հայուհին

Լինդա Ռայլին մոր՝ Գրեյս Այդինյանցի մասին

ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ – Լոնդոնաբնակ հայազգի գործարարուհի Գրեյս Այդինյանցը (1927-2015) հայտնի է որպես 1990 թվականին Լոնդոնի Շերլոք Հոլմսի թանգարանի հիմնադիր: Արթուր Քոնան Դոյլի լեգենդար հերոսի «ապրած» Բեյքեր սթրիթ փողոցում գործող այս թանգարանը տարեկան ունենում է բազմահազար այցելուներ աշխարհի տարբեր ծայրերից:

Գրեյս Այդինյանցի մասին քիչ բան է հայտնի: Նրա վաղ տարիներն անցել են Իրանում եւ Հնդկաստանում, որտեղ էլ ստացել է կրթությունը: Հանդես է եկել որպես դերասանուհի, Միրիամ Սթարք անունով նկարահանվել է հնդկական ֆիլմերում՝ Մոդհու Բոսեի «Մայքլ Մադհուսուդհան» (1950) եւ Կալի Փրասադ Ղոշի «Վիդյասագար» (1952): Տեղափոխվելով Անգլիա՝ եղել է Լոնդոնում գործող «Օգնություն Հայաստան» եւ «Օգնություն Հայաստան միջազգային» ՍՊԸ-ների տնօրեն ու քարտուղար:

Այս ուշագրավ կնոջ մասին ավելին իմանալու համար նամակով դիմեցի նրա դստերը՝ Լինդա Ռայլիին՝ բրիտանացի լրագրող, հրատարակիչ եւ ԼԳՏԲ իրավունքների պաշտպան, որը սիրալիր համաձայնեց հարցազրույց տալ հայ մամուլին:

Հարգելի՛ Լինդա, մեր ընթերցողներին կցանկանայի ներկայացնել ձեր մոր անձը եւ գործունեությունը: Նրա մահագրականում նշված է, որ հստակ չէ՝ Գրեյս Այդինյանցը ծնվել է Հայաստանո՞ւմ, թե՞ Լոնդոնում, սակայն գրված է, որ նրա ընտանիքը Լոնդոն է տեղափոխվել նախ Օսմանյան Թուրքիայի, ապա՝ Հայաստան մտած վաղ խորհրդային իշխանությունների հալածանքներից փախչելով : Նրա ազգանվան «յանց» վերջավորությունը հուշում է նրա արեւելահայ ծագումը: Ի՞նչ կարող եք պատմել նրա նախնիների մասին:

– Այո՛, մորս ընտանիքն Արեւելյան Հայաստանից էր: Գրեյսը ծնվել է Իրանում: Փոքր հասակում Իրանից ոտքով հասել է Հնդկաստան՝ Կալկաթա: Ցավոք, նրա ծննդյան վկայականը ոչնչացել է Իրանում՝ եկեղեցու հրդեհի պատճառով: 1956 թվականին Գրեյսը մեկ տարվա մուտքի արտոնագրով մեկնել է Լոնդոն: Վիզայի ժամկետն ավարտվելուց հետո նրան կարգադրվել է երկիրը լքել, բայց նա մնացել է Անգլիայում՝ մոտ հիսուն տարի ապրելով առանց անձնագրի: 1990-ականների վերջին նա որոշել է դիմել բրիտանական քաղաքացիություն ստանալու համար եւ պաշտոնապես դարձել է այն անձը, որը քաղաքացիություն ստանալու պահին ունեցել է դեռեւս ուժը չկորցրած ամենահին հրամանը երկիրը լքելու վերաբերյալ: Քանի որ Գրեյսը չի ունեցել ծննդյան վկայական, վերջնականորեն ստացել է մշտական բնակության թույլտվություն: Կրտսեր եղբայրս, քույրս եւ ես Ռայլի ենք, քանի որ մայրս ստիպված է եղել փոխել իր ազգանունը՝ որպես անօրինական ներգաղթյալ չհայտնաբերվելու նպատակով: Միայն ավելի ուշ ավագ եղբայրս փոխել է ազգանունը եւ դարձել Այդինյանց: Սակայն մենք միշտ մեզ հայ ենք համարել, քանի որ մայրս միշտ մեզ պարտադրում էր երբեք չկորցնել մեր հայկական ինքնությունը:

Լինդա Ռայլի

-1990 թվականին, երբ ձեր մայրը վաճառել է իր տունը եւ իր գրեթե բոլոր խնայողությունները ներդրել Շերլոք Հոլմսի թանգարան հիմնելու համար, ինչպե՞ս է նրա ընտանիքն արձագանքել նրա այդքան անսովոր ու համարձակ քայլին:

– Ընտանիքը շատ ուրախ է եղել: Գրեյսը խորապես ուսումնասիրել է Շերլոք Հոլմսի մասին բոլոր վեպերի միջավայրը՝ ջանասիրաբար իր արձանագրելով նկարագրված յուրաքանչյուր սենյակի մանրամասները: Այնուհետեւ նա այցելել է Մեծ Բրիտանիայի լավագույն աճուրդային տները՝ ձեռք բերելով վիկտորիական ժամանակաշրջանի իրեր ու կահույք՝ սենյակները ճշգրտորեն վերարտադրելու համար: Մոտ քառասուն տարի անց այդ իրերից շատերը դեռ իրենց տեղում են:

Կարծում եմ՝ շատ զբոսաշրջիկներ կարծում են, թե Շերլոք Հոլմսը իրական անձ է եւ այցելության ժամանակ զվարճալի հարցեր են տալիս:

– Այո՛, հատկապես այն ժամանակ, երբ ես որպես թանգարանի տնօրեն էի աշխատում: Գրեյսը միշտ ասում էր, որ այցելուներին բացատրելը, որ Հոլմսն իրական մարդ չի եղել, նույնն է, ինչ երեխաներին ասել, որ Ձմեռ Պապ գոյություն չունի: Շատ այցելուներ հիասթափվում էին՝ իմանալով, որ նա երեւակայական կերպար է: Հիմա ես թանգարանի հետ որեւէ կապ չունեմ՝ իմ եղբայր Ջոն Այդինյանցի հետ լուրջ ընտանեկան հակասության պատճառով, ինչը բավական հայտնի է:

Կարո՞ղ եք մի փոքր պատմել այն հայկական կազմակերպությունների մասին, որոնց մեջ ներգրավված է եղել Գրեյս Այդինյանցը:

– Մայրս այդ թեմայով շատ չի խոսել ինձ հետ, բայց գիտեմ, որ նա նվիրատվություններ է կատարել բազմաթիվ հայկական բարեգործական կազմակերպությունների եւ զգալի գումար է փոխանցել Հայաստանի երկրաշարժի հիմնադրամին: Մի անգամ ինձ ասել է, որ իր նվիրատվությունների համար Հայաստանի կառավարությունը նրան մի արտոնություն է շնորհել:

Ձեր մայրն ունե՞ր ինչ-որ առանձնապես հայկական բան:

– Այո, ամե՛ն ինչ: Նրա ինքնությունը խորապես հայկական էր, եւ նա դա փոխանցեց իր զավակներին: Նա ինձ, եղբորս՝ Սթիվենին եւ քրոջս՝ Ջենիֆերին, ուղարկել է շաբաթօրյա հայկական դպրոց՝ Կյուլպենկյան տանը, իսկ մեզ մկրտել է Քենսինգթոնի Հայ Սթրիթում գտնվող Հայ Առաքելական եկեղեցում: Չնայած որ նախ Հնդկաստանում, ապա Մեծ Բրիտանիայում մեծանալը նրան որոշակիորեն օտարացրել էր, սակայն երբ նա վերջապես ստացավ մշտական բնակության իրավունք, առաջին բանը, որ արեց, եղավ Հայաստան ճանապարհորդությունը: Շատ հստակ հիշում եմ, թե ինչպես երբ ոտք դրեցինք հայկական հողի վրա, նա ընկավ գետնին, համբուրեց հողը եւ լաց եղավ:

Մայր եւ դուստր

Այո՛, հուզիչ էր, երբ իմ անգլերեն ողջույնին պատասխանեցիք հայերեն «բարեւ»-ով…

– Մենք մեզ ամբողջությամբ հայ ենք համարում՝ աշխարհի հայ Սփյուռքի մի մասը: Գրեյսը միշտ նշում էր հայկական Սուրբ Ծնունդը՝ հունվարի 6-ին, եւ երբ փոքր էինք, բոլորս միասին գնում էինք Հայ Առաքելական եկեղեցի ՝ տոնին մասնակցելու: Ես նույնպես մի քանի անգամ այցելել եմ Հայաստան, եւ մայրս միշտ ասում էր, որ մահից հետո իր մոխիրը ցրվի Արարատ լեռան վրա…

– Լի՛նդա, շնորհակալ եմ, ձեր պատասխանների համար: Հուսով եմ, որ Շերլոք Հոլմսի թանգարանի այցելուները Քոնան Դոյլի հերոսների հետ մեկտեղ կճանաչեն նաեւ նրա հիմնադրին՝ այս եռանդուն եւ խարիզմատիկ տարագիր հայուհուն…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Leave a Comment