«Ասում եք՝ ես ասում եմ բաներ, որոնք ձեռնտու են Ադրբեջանին, ոչ, ես անում եմ բաներ, որոնք ձեռնտու են Հայաստանի Հանրապետությանը»

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայաստանի օկուպացված տարածքների ազատագրումը պետք է տեղի ունենա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների շրջանակներում, բայց չի մանրամասնում, թե ինչո՞ւ այս փուլում այդ հարցը չի լուծվում։

«Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն առաջարկում է ամերիկյան միջնորդությունն օգտագործել հիմա՝ ՀՀ տարածքն ադրբեջանական օկուպացիայից ազատելու համար։

Մասնավորապես, «The Washington Times»-ին տված հարցազրույցում ասել է «Մինչեւ զորքերի դուրսբերումը չսկսվի, բանակցությունները չպետք է լինեն ինքնանպատակ։ Գործընթացը պետք է կապվի պարտավորությունների կատարման հետ, այլապես այն կդառնա պաշտպանիչ վահան, որի հետեւում ստատուս քվոն միայն ամրապնդվում է։ Դա միակ ճանապարհն է, որը տանում է հարատեւ խաղաղության»։

Այսօրվա ասուլիսում «Առավոտ»-ը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ ամերիկյան միջնորդությունն այս փուլում չի օգտագործվում ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածքից դուրսբերման համար։ Եվ ինչո՞ւ է Փաշինյանն անում գործողություներ, որոնք բխում են Ադրբեջանի շահերից։

Մանրամասները՝ տեսանյութում

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության հասել են Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա։ Ասում եք՝ ես ասում եմ բաներ, որոնք ձեռնտու են Ադրբեջանին, ոչ, ես անում եմ բաներ, որոնք ձեռնտու են Հայաստանի Հանրապետությանը, բխում են ճշմարտությունից։ Ալմա Աթիի հռչակագիր կա, որը նշանակում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը նույնական է հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքի հետ։ Եվ Ադրբեջանի տարածքը նույնական է Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքի հետ։ Այդ տարածքները հայտնի են, եւ այդ խնդրի լուծման ճանապարհը սահմանազատումն է, որովհետեւ սահմանազատման հետ կապված եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում ունենք բարձրագույն իրավական ուժ ունեցող փաստաթուղթ։ Խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին է, եւ այդ գործընթացում բոլոր խնդիրները կլուծվեն»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment