«Ալեքսանդրա Կրիլովա» օգտատերը առաջարկել է բիզնես ծրագրում ներդրում կատարել եւ թալանել է մեղրեցի տղամարդուն

Aravot.am-ի տեղեկություններով, Մեղրիի բնակիչներից մեկը դիմել է ոստիկանության Մեղրիի բաժին՝ նշելով, որ 2025թ․ նոյեմբերի սկզբներին «Ֆեյսբուք»-ով ծանոթացել է «Ալեքսանդրա Կրիլովա» անվամբ օգտատիրոջ հետ, որից հետո շարունակել են շփվել «Տելեգրամ» հավելվածով՝ հեռախոսազանգերով ու նամակագրությամբ։

«Ալեքսանդրա Կրիլովա» օգտատերը մեղրեցի տղամարդուն առաջարկել է բիզնես ծրագրում 3000 ԱՄՆ դոլարի ներդրում կատարել, որից հետո ամսական կստանա 1500 ԱՄՆ դոլար եկամուտ։

Առաջարկը ընդունելուց հետո՝ տուժողը բանկային քարտի ամբողջական տվյալները տրամադրել է Ա․Կրիլովային, ինչից հետո իր քարտային հաշվից մաս-մաս ելքագրվել է 1․252․000 դրամ եւ 2․291․000 դրամ գումար՝ պատճառելով իրեն նյութական վնաս։

46-ամյա տղամարդն այդ մասին իմացել է անցած տարվա վերջին ու չդիմելով ոչ մի իրավապահ կառույցի՝ փորձել է Կրիլովայի հետ «Տելեգրամ»-ով կապ հաստատել ու իր ուժերով վերադարձնել գումարը։

Գործն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, ձեռնարկվում են միջոցառումներ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment