Հունվարի 14-ին Բաքվում գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը գրառումներ է արել՝ խոսելով հայրենիք վերադառնալու, իր կյանքի և Ադրբեջանում դեռ պատանդառված հայերի մասին։
«Ես ձեզ չեմ լքել, տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու, երդվում եմ»,- գրել է Սուջյանը։
Նա նշել է, որ հայրենիք վերադառնալն իր համար անգին զգացողություն է։
«Ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին։ Ես վայելում եմ այս օրը, փայփայելու ու մեծարելու եմ այս օրվա ամեն ակնթարթը։ Այսօր միտքս լցնելու եմ անծայրածիր երազանքներով, որպեսզի էլ տեղ չմնա վախին, կասկածին։ «Չեմ կարող» այլևս չի լինելու, միշտ ձգտելու եմ ավելիին, քանզի լավագույն աճի համար նախ պիտի ընդարձակեմ մտքիս սահմանները։ Այսօրվանից վերհիշելու եմ, որ մինչև առավելությունս չդառնա կյանքիս մոլուցքը, շնորհներս երբեք էլ չեն վերածվելու փառքի։ Եվ մինչև այլոց ծառայելու ծարավը չգերազանցի հոգուս անվստահությունները, զրկվելու եմ օգտակարության թանկարժեք ժամերից» ,- հավելել է նա։
Սուջյանը գրել է, որ վերաբեռնելու է նվիրումը, «որպեսզի խուսափի կեղծ ազնվականությունից, լինի անկեղծ, համեստ ու շիտակ»։
«Միգուցե գտնվեն չարախոսներ ու չկամներ, որոնք քարեր կնետեն երեսիս, ես նրանց չարությանը կպատասխանեմ բարությամբ, սիրով, նույնիսկ եթե արժանի չլինեն դրան։ Կլինեն նաև քննադատներ, որոնք կփորձեն վատաբանել ու քարկոծել, ես նրանց նետած քարերից կկառուցեմ գեղեցկադեմ կոթողներ։ Եվ ի պատասխան նրանց՝ ես կժպտամ ճչացող իմաստությամբ, որ խրված է սրտիս խորքում։ Եթե նույնիսկ կոչեն ինձ խենթ, ես նորից կժպտամ նրանց նույն իմաստուն ժպիտով, քանզի մարդի’կ, իմացե’ք, խենթերն են պտտում մոլորակն առաջ։ Ես չեմ վախենում տարբերվելուց։ Ես վստահ սլանալու եմ առաջ։ Այս օրն իմ օրն է»,- եզրափակել է նա։
Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել չորս գերու՝ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նրանց վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:
Չորս հայ ռազմագերիներից երեքը գերեվարվել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում, իսկ մեկը՝ դրա ավարտից հետո՝ Արցախի շրջափակման ժամանակ: Սուջյանը և Դավթյանը գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը, դեպի Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս:
Ադրբեջանում երկուսն էլ դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման՝ «զենքի ապօրինի պահման» և «լրտեսության» մեղադրանքներով: Լիբանանահայ Էուլջեքչյանը բերման էր ենթարկվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Շուշիում՝ մարտական գործողությունների ավարտի հաջորդ օրը: 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի զինվորական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանության» և «ահաբեկչության» մեղադրանքներով:
Արցախի բնակիչ Խաչատրյանը գերեվարվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին՝ Հակարիի կամրջի մոտ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս: Նա անցնում էր 1991 թվականի դեկտեմբերի 22-ի ենթադրյալ «ցեղասպանության» գործով:
Ադրբեջանում մինչ այս պահվում էր 23 հայ գերի, 4 գերիների վերադարձից հետո այժմ նրանց թիվը 19 է։ Գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։
