ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունվարի 14-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ազգային փոքրամասնությունների մասին» եւ ««Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների իրացման, ինչպես նաեւ Ազգային փոքրամասնությունների խորհրդի ձեւավորման հետ կապված իրավահարաբերությունները:
Քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը:
Ոլորտի ներկայացուցիչները, ընդգծելով օրենսդրական նախաձեռնության կարեւորությունը, ներկայացրել են իրենց դիտարկումները՝ մասնավորապես անդրադառնալով ազգային փոքրամասնությունների ազգային եւ էթնիկ ինքնության, լեզվի եւ մշակույթի պահպանմանը, կրթության իրավունքներին վերաբերող դրույթներին:
Օրենքների նախագծերի փաթեթի հեղինակ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել ներկայացված առաջարկների, դիտարկումների եւ արդյունավետ քննարկման համար: