«Ծովը հարձակվեց մեզ վրա և ոչնչացրեց մեր վրանները»
Գազայի գոտում վրաններում բնակվող մեծ թվով ընտանիքներ չունեն ջեռուցում, խարխուլ տնակները չեն դիմանում հուժկու քամուն: Միջերկրականի ալիքները հասնում են վրաններին: Խեղճ մարդիկ ավազից ու քարերից պատնեշներ են սարքում:
Բայց ջուրը միևնույն է լցվում է վրանները, խլում, ոչնչացնում է գույքը, որը պաղեստինցիները կարողացել էին փրկել պատերազմի տարիներին:
Այդ դժբախտներից մեկը փախստական Շաբան Աբու Իշաղն է:
«Ծովը «հարձակվեց» մեզ վրա և ոչնչացրեց մեր վրանները։ Չորս օր է, ինչ ապրում ենք բաց երկնքի տակ, լողափում՝ առանց ներքնակների։ Ծովը վերցրեց մեր ներքնակները, վրանները, ուտելիքը, այն ամենն ինչ ունեինք»,- ասել է փախստականը:
«Մենք նորից ոչինչ չունենք»
Խան Յունիսից փախստական կինը՝ Հանաա Մուսբեհը փաստում Է, որ իր ընտանիքը հերթական անգամ կորցրել է տառացիորեն ամեն ինչ:
«Անցած գիշեր մենք վրանում էինք քնած, և տեսեք, թե ինչ եղավ։ Ջուրը մոտեցավ և ողողեց ինձ, երեխաներիս, տղաներիս ու աղջիկներիս՝ ոչինչ չթողնելով։ Մենք ո՛չ հագուստ ունենք, ո՛չ ներքնակ, ո՛չ վերմակներ, ոչինչ չմնաց։ Փառք Աստծո, փառք Աստծո։ Մենք նորից ոչինչ չունենք։ Այս ցուրտ եղանակին մենք ոչինչ չունենք»,- ասել է Մուսբեհը։
Միջերկրականի ափն է, բայց գիշերները ցուրտ է, սակայն դա միակ դժվարությունը չէ:
Գազան ավերված վիճակում է, ռմբահարված և հրթիռակոծված կիսաքանդ շենքերի խարխուլ պատերը քամուց փլուզվում, ընկնում են վրանների վրա:
Վթարային շենքերի պատերը փլուզվում են տնակների վրա
Երբ փոթորիկը մոտենում է ափին՝ փրկարար ծառայությունները բնակիչներին կոչ են անում ոչ մի դեպքում չփորձել պատսպարվել վթարային շենքերում, քանի որ դրանք ցանկացած պահի կարող են քանդվել:
Տեղատարափ անձրևն ու քամին վերջին հարվածն են հասցրել ավերված շենքերին, և ահա նոր ողբերգություն Գազայում՝ մի դեռահաս աղջիկ, երկու կին և մի տարեց տղամարդ զոհվել են, երբ շենքերի պատերը փլուզվել են նրանց տնակների վրա:
Մի կին զոհվել է Գազայի արևմտյան թաղամասում, իսկ Գազայի առափնյա թաղամասում զոհված 15-ամյա աղջիկը, ևս մեկ կին և 72 տարեկան մի տղամարդ նույն ընտանիքից էին:
«Պատն ընկավ հարազատներից վրա»
Ողբերգության ականատեսը զոհվածների հարևանն Է, պաղեստինցի փախստական Բազել Համոդան: Նրա խոսքով, ութ մետր բարձրությամբ պատը գիշերը, մոտավորապես ժամը 11:30-ին Է քանդվել ուժեղ քամու պատճառով:
«Պատն ընկավ հարազատներիս վրա: Մոհամեդ Համուդան, նրա հարսը և դուստրը նահատակվեցին: Ճիշտ է՝ ռմբակոծությունը միառժամանակ դադարեցվել է, բայց մենք այստեղ Գազայի հատվածում՝ աշխարհի աչքի առաջ, տեսնում ենք մահը դրա բոլոր ձևերով և դրսևորումներով: Մահվան բոլոր տեսակները կան Գազայում»,-ասել է Համոդան:
Առնվազն վեց երեխա մահացել է ցրտից
Հրադադարը Գազայում գործում Է անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից: Բայց մարդասիրական օգնություն բաժանող կազմակերպությունների փոխանցմամբ, Գազայում պաղեստինցիները հիմա Էլ զոհվում են պարենի և դեղորայքի պակասի, ցրտի և հիվանդությունների հետևանքով: Վրանը չի պաշտպանում ցրտից: Գազայի առողջապահության ծառայությունը հայտնել Է ցրտից առնվազն 6 երեխայի մահվան մասին:
Հրադադարի ընթացքում իսրայելցիների կրակից սպանվել է 442 պաղեստինցի: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է 2023-ի հոկտեմբերի 7-ին: Պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 1200 իսրայելցի և ավելի քան 71 հազար պաղեստինցի: Սա պատերազմի երրորդ ձմեռն է։