
Սուրբ Պատրիկի ճեմարանի և համալսարանի դոգմատիկայի պրոֆեսոր Մեթյու Ջ. Դալ Սանտոն հոդված է գրել՝ «Հայաստանի արևմտականացման գինը» ( The Price of Westernization in Armenia) խորագրով, որի հայերեն թարգմանությունը որոշ կրճատումներով ներկայացրել է mediamax.am-ը
Մեթյու Ջ. Դալ Սանտո
Ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Սա այն հարցն է, որը հայերը սկսեցին տալ անցյալ տարի, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձերբակալեց Հայ Առաքելական Եկեղեցու երկու եպիսկոպոսների և մեղադրեց կաթողիկոսին անբարոյականության մեջ՝ փորձելով նրան տապալել։ Առավել նշանակալից է այն, որ օգոստոսի 8-ին Հայաստանը ստորագրեց նախնական «խաղաղության համաձայնագիր» ոխերիմ թշնամի Ադրբեջանի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ անցկացված արարողության ժամանակ։
Արևմտյան լրատվամիջոցներից շատերը ողջունեցին համաձայնագիրը։ Հայաստանում մարդիկ այդքան էլ վստահ չեն։ Անցած տարիներին «Ի՞նչ եք մտածում Փաշինյանի մասին» հարցին պատասխանում էին մի տեսակ հանդուրժողականությամբ։ Այդպես էր նույնիսկ 2023 թվականին, երբ 120,000 հայ վտարվեց Լեռնային Ղարաբաղից, որը նախկինում ինքնավար, մեծ մասամբ հայերով բնակեցված տարածաշրջան էր հարևան Ադրբեջանում: «Էլ ի՞նչ կարող էր անել: Անում է այն, ինչ պետք է արվի», – սա էր Փաշինյանի գործողությունների ընդհանուր գնահատականը՝ կապված Ղարաբաղի անկման հետ։
Այժմ տրամադրությունն այլ է: 2025թ. հունիսի 20-ին Փաշինյանը մեկնեց Ստամբուլ, որտեղ ձեռք սեղմեց Հայաստանի հսկա հարևանի և (շատ հայերի տեսակետից) մահացու թշնամու՝ Թուրքիայի նախագահի հետ: Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասել է 1915-18 թվականներին Օսմանյան իշխանությունների կողմից սպանված հարյուր հազարավոր զոհերին որպես նահատակներ և սրբեր, բայց Էրդողանը Ստամբուլում լսարան տրամադրեց Փաշինյանին այն գնով, որ Հայաստանը դադարեցնի այդ իրադարձությունները միջազգայնորեն որպես ցեղասպանություն ճանաչելու տասնամյակներ տևած արշավը: Փաշինյանը ձգտում է «կարգավորել հարաբերությունները» Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի հետ:
2018 թվականի Հայաստանի «թավշյա հեղափոխության» ժամանակ իշխանության եկած ազատական և նախկին լրագրող Փաշինյանը աշխարհին ներկայացավ որպես պետական գործիչ և խաղաղարար: Սակայն, երբ խոսքը վերաբերում է իր ներքին քննադատներին, նա ոչ մի դիմադրություն չի հանդուրժում: Նրա զայրույթի կենտրոնում Հայ Առաքելական Եկեղեցու հիերարխիան է, մասնավորապես՝ նրա ղեկավարը՝ Գարեգին Բ կաթողիկոսը։
Եկեղեցու հանցանքն էր հակադրվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Փաշինյանի դիվանագիտության պայմաններին: Փաշինյանի Ստամբուլ այցից տասը օր առաջ Գարեգինը Շվեյցարիայում կոչ էր անում պաշտպանել հայերի վտանգված մշակութային ժառանգությունը Ղարաբաղում: Նա մասնակցում էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Բեռնում կազմակերպված միջազգային համաժողովին՝ նվիրված Հայաստանի մշակութային ժառանգության պաշտպանությանը:
Փաշինյանը համաձայնվեց, որ Հայաստանը հրաժարվի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր պահանջներից, սակայն կաթողիկոսը պնդում էր, որ տարածքը պետք է հայկական համարվի: Ի վերջո, Ղարաբաղում են բազմաթիվ դարավոր հայկական եկեղեցիներ և վանքեր, օրինակ՝ 13-րդ դարի ապշեցուցիչ Գանձասար վանքը, սրբերի մասունքներն ու գերեզմանատները: Ղարաբաղը անբաժանելի է հայկական քրիստոնեությունից նաև այլ առումներով: Հայկական այբուբենը, որը հորինվել է Սուրբ Գիրքը հայերեն թարգմանելու համար, ստեղծվել է Ղարաբաղում:
Երբ Փաշինյանը փորձեց խաղաղեցնել Բաքվին՝ 2024 թվականին Ադրբեջանին հանձնելով Ղարաբաղից դուրս գտնվող ևս չորս հայկական գյուղ, եկեղեցին հայտնվեց բողոքի ցույցերի առաջնագծում։ Տավուշի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը դարձավ ցույցերի առաջնորդը, և կաթողիկոսն իր աջակցությունը հայտնեց՝ ժամանակավորապես ազատելով Գալստանյանին իր հոգևոր պարտականություններից, որպեսզի նա կենտրոնանա բողոքի ցույցերը ղեկավարելու վրա։
Ամեն ինչ տանում էր եկեղեցու և պետության միջև դիմակայության։ Ի դժբախտություն Փաշինյանի՝ եկեղեցին հայերի ամենավստահելի հաստատությունն է. 2024-ի հարցման համաձայն՝ հայերի 62.5 տոկոսը նշել էր, որ «լիովին վստահում է եկեղեցուն»։
Հունիսի 9-ին՝ կիրակի օրը, Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ կաթողիկոսի ընտրությունը, որը ղեկավարում է Հայ եկեղեցին 1999 թվականից, անվավեր է և մեղադրեց նրան ապօրինի երեխա ունենալու մեջ։
Ես հետևում էի անգլերեն լեզվով լուրերին և հաջորդ օրերին զրուցեցի հայերի հետ, որպեսզի իմանամ իրադարձությունների վերաբերյալ նրանց տեսակետը: Նրանց մեծ մասն արտահայտեց ջերմեռանդ հավատարմությունը եկեղեցուն և կաթողիկոսին, ինչպես նաև անվստահությունը Փաշինյանի ձեռնարկած հարձակման նկատմամբ։ Շատերը Փաշինյանի՝ Արևմուտքում որպես խաղաղարար գովաբանվելու ցանկությունը կապեցին եկեղեցու վրա նրա հարձակումների հետ։
Մեծ մասը նաև համաձայն չէր, որ կաթողիկոսի ենթադրյալ «անզգուշությունները», եթե այդպիսիք եղել են, որևէ ազդեցություն են ունեցել Գարեգինի՝ որպես ազգի հոգևոր առաջնորդի, դիրքի վրա։
«Եթե նա մեղք է գործել, դա իր գործն է», – ասաց հայ ընկերներիցս մեկը՝ համալսարանական կրթություն ստացած կին, արտահայտելով գերագույն հոգևոր իշխանության հանդեպ հայկական մոտեցումը, որը ժամանակին բնորոշ էր կաթոլիկների վերաբերմունքին Հռոմի պապի նկատմամբ. «Դրա համար կա խոստովանություն։ Սա չի վերաբերում ինձ կամ Գարեգին Բ-ի հանդեպ իմ հավատարմությանը. նա կաթողիկոս է»։
Մեղադրելով վարչապետին Հայաստանի «հոգևոր միասնությունը» խաթարելու մեջ՝ Գարեգինը հրաժարական չտվեց։ Մինչ օրս Փաշինյանը չի փորձել ուժ կիրառել նրան պաշտոնանկ անելու համար։ Բայց ամռան վերջին երկու արքեպիսկոպոսներ հայտնվեցին բանտում. արքեպիսկոպոսը, որին Էջմիածնում պաշտպանեց ամբոխը, հետագայում հանձնվեց այն հիմքով, որ իր դեմ մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ ի վերջո կհանվեն։ Այդ ժամանակից ի վեր ձերբակալվեցին ևս երկուսը, իսկ վերջին բախումները տեղի ունեցան Էջմիածնում դեկտեմբերի 18-ին և 19-ին։
Փաշինյանի և եկեղեցու հակամարտության հիմքում այն հարցն է, թե ինչպիսի երկիր կդառնա Հայաստանը Ղարաբաղը կորցնելուց հետո։ Եթե նախկինում հնարավոր չէր նույնիսկ չնչին տարբերություն գտնել հայերի հոգևոր և քաղաքական ինքնության միջև (դարեր շարունակ հայ լինելու միակ սահմանումը Հայ Առաքելական Եկեղեցու մկրտված անդամ լինելն էր), այսօր պետության խրախուսանքով դրանց միջև ճեղք է բացվում՝ առայժմ փոքր։ Այն մարդկանց շրջանում, որոնց համար ազգը դարեր շարունակ եղել է եկեղեցին, անցյալ ամառվա բախման ամենակարևոր հայեցակետն այն էր, որ հայկական ինքնությունը հնարավոր է պատկերացնել միայն որպես քաղաքական. եկեղեցու և պետության ներքին բաժանում հայերի սրտերում և մտքերում, որտեղ մի ժամանակ միայն ոչ ակնհայտ և չվերլուծված միասնություն էր։
Դեռ վաղ է ասել՝ արդյո՞ք քաղաքական և հոգևոր Հայաստանը առանձնացնելու փորձը կհաջողվի։ Նրանք, ում հետ ես զրուցեցի, համառորեն կրկնում էին ավանդական հայկական եկեղեցի-ազգ կլիշեները։ Ես չեմ կասկածում այս զգացմունքների անկեղծությանը կամ ուժին։ Բայց հետաքրքիր է, թե որքան ժամանակ նրանք կկարողանան դիմակայել կառավարության հարձակմանը հոգևոր Հայաստանի դեմ։
Փաշինյանի օրոք պետությունը կարող է առաջարկել մի բան, որը եկեղեցին չունի. զուտ աշխարհիկ հայկական ինքնություն, որը թույլ կտա հայրենիքում ապրող հայերին (և ԱՄՆ սփյուռքում գտնվողներից շատերին) կողմնորոշվել դեպի արդիականություն և Արևմուտքի հեղինակավոր մշակույթը։ Մեկ սերունդ առաջ հայերը, ինչպես իրենց վրացի հարևանները, իրենց նախնիների քրիստոնեական հավատքը համարում էին որպես Մերձավոր Արևելքում հայտնված եվրոպացի լինելու ապացույց։ Փաշինյանը հասկացավ, որ սա այլևս չի գործի։ Ոչ թե հայերի նախնիների քրիստոնեությունն է ապահովելու Հայաստանի մուտքը Արևմուտք, այլ նրանց պատրաստակամությունը դրանից հրաժարվելու։ Փաշինյանը հույս ունի Հայաստանը վերածել «նորմալ» երկրի, որտեղ խաղաղության և բարգավաճման պահանջները առաջնային են, իսկ պատմության, կրոնի և ավանդույթի պահանջները՝ առասպել։
Այս իմաստով Ղարաբաղի կորուստը Աստծո պարգև էր Փաշինյանի և աշխարհիկ Հայաստան երազողների համար: Հենց այն պատճառով, որ Հայաստանի հոգևոր պատմությունը սերտորեն կապված է Ղարաբաղի հետ, հարկադրելով եկեղեցուն ընդունել այդ տարածքի կորուստը՝ Փաշինյանը հնարավորություն է ստացել վերստեղծելու Հայաստանը որպես քրիստոնեական անցյալով, բայց հնարավոր հետքրիստոնեական ապագայով երկիր:
Փաշինյանի իշխանության գալուց ի վեր այս հետքրիստոնեական և հետազգային ապագայի նշանները անընդհատ շատանում են: Հայաստանը միշտ էլ եղել է Կովկասի բոլոր խորհրդային հանրապետություններից էթնիկապես ամենամիատարրը: Թեև բնակչության ավելի քան 90 տոկոսը էթնիկ հայ է, միգրացիայի ալիքը, որը վերափոխում է Արևմուտքը, երրորդ աշխարհից հասել է նաև Հայաստան. հնդիկ ուսանողները, բուժքույրերն ու առաքիչիները սկսել են բնակեցնել Երևանի առևտրային փողոցների ծայրամասերը: Ամեն տարի հազարավոր աշխատունակ տարիքի հայ տղամարդիկ մեկնում են Ռուսաստան՝ սեզոնային շինարարական աշխատանքների (2024 թվականին այդ թիվը կազմել է 138,000, հյուսիսային Հայաստանի որոշ գյուղերում՝ յուրաքանչյուր երկրորդ աշխատունակ տարիքի տղամարդ): Սակայն այսօր Հայաստանում բնակվում է մոտ 30,000 հնդիկ, իսկ հնդիկներին տրամադրվող վիզաները 2021-2023 թվականների միջև աճել են 580 տոկոսով։
Այս ամենը մեզ վերադարձնում է Սպիտակ տանը Թրամփի կողմից միջնորդավորված գործարքին Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հնարավոր է՝ Փաշինյանը հասել է այնպիսի հաջողության, որին ոչ մի հայ առաջնորդ իրենից առաջ չի հասել։ Ամերիկայի կողմից Զանգեզուրի միջանցքի վարձակալությունը Կովկասյան տարածաշրջանում ամերիկյան ամենանշանակալի պարտավորությունն է այն ժամանակվանից, երբ 1919 թվականին Վուդրո Վիլսոնը չկարողացավ ստանալ Կոնգրեսի համաձայնությունը՝ ստեղծելու պրոտեկտորատ շատ ավելի մեծ հայկական ազգային տարածքի վրա։ Սակայն գործարքը լրջորեն քայքայում է Հայաստանի պաշտպանական դիրքը և թույլ տալիս Ադրբեջանին շրջափակել այն։
Բացի այդ, TRIPP-ը կամրապնդի նեոօսմանյան գերիշխանությունը, որը Էրդողանի գլխավորած Թուրքիան ստեղծում է Կովկասում։ Ամերիկայի կողմից հովանավորվող տրանսպորտային միջանցքի շնորհիվ Թուրքիան կկարողանա Արևելյան Անատոլիայից ցամաքով ապրանքներ, մարդկանց և ռազմական տեխնիկա տեղափոխել Կասպից ծով։ Թուրքիայի և Ադրբեջանի ինտեգրացիան՝ տնտեսական, ռազմավարական, քաղաքական, Հայաստանը կդարձնի անվիճելի թուրքական ազդեցության մեջ մի կղզի։ Թուրքիան և Ադրբեջանը ամրապնդեցին իրենց «ավելին, քան դաշնակիցներ» հարաբերությունները 2021 թվականի Շուշիի հռչակագրով, և այժմ, կարծես, պատրաստ են իրականացնելու վաղուց ցանկալի պանթուրքական միության առաջին փուլը: Ինչո՞ւ թույլ տալ, որ անհարմար դիրք գրաված 3 միլիոն հայերը խոչընդոտեն նման վեհ նպատակին:
Ամերիկայի միջնորդությամբ Սպիտակ տանը կնքված պայմանագրի մեծ ռազմավարական հաղթողը Թուրքիան է. ամենամեծ պարտվողը Մերձավոր Արևելքում քրիստոնեության գոյատևումն է: Հայերը կընդունեն Հայաստանի և հարևանների հարաբերությունների կարգավորումը միայն այն դեպքում, եթե Հայաստանի ազգային ինքնությունը աշխարհիկ դառնա: Զարմանալի չէ, որ Ամերիկայի ազատական արտաքին քաղաքականության ինստիտուտը ողջունում է այդպիսի արդյունքը: Աշխարհի ամենահին և Մերձավոր Արևելքի վերջին քրիստոնեական ազգի գոյատևմամբ հետաքրքրված ամերիկացիները, սակայն, չպետք է ողջունեն: