«Շտապբուժօգնությունը» 2025-ին Երևանում սպասարկել է ավելի քան 300,000 կանչ

«Շտապբուժօգնությունը» 2025-ին Երևանում սպասարկել է ավելի քան 300,000 կանչ

14 հունվարի 2026 – 13:42 AMT

PanARMENIAN.Net«Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությունը 2025 թվականի ընթացքում Երևանում սպասարկել է մոտ 307,000 կանչ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

«Սպասարկել ենք մոտ 307 հազար կանչ, ինչը մոտ 3 տոկոսով ավելի է եղել 2024 թվականի համեմատ։ Ավելացումը հիմնականում պայմանավորված է մայրաքաղաքում բնակչության թվի աճով։ Դեկտեմբերի վերջին օրերից ու հունվարի առաջին 10 օրը կանչերի քանակի նվազում եմ տեսնում մոտ 35 տոկոսով։ Մեր «սպասելիքները» չեն արդարացվել, ու դա շատ լավ է։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում մենք օրվա ընթացքում սպասարկել ենք 1000-1200 կանչ, իսկ այս տարի` օրական մոտ 800-850 կանչ»,- նշել է Գրիգորյանը, հայտնում է Sputnik Արմենիան

Նրա խոսքով՝ կանչերի թվի որոշակի նվազումը կարող է պայմանավորված լինել նաև անվճար կանչերի քանակի սահմանափակմամբ։

Ներկայումս քաղաքացին կարող է անվճար գրանցել մինչև 8 շտապօգնության կանչ։ Դրանից հետո՝ կախված գտնվելու վայրից, ծառայության արժեքը կարող է լինել 10,000-15,000 դրամի սահմանում։ Միաժամանակ նշվում է, որ մի շարք դեպքերում սահմանափակումները չեն գործի։ Դրանք են, օրինակ՝ դանակահարությունները, կայծակնահարությունը, հրազենային վնասվածքները և այլ արտակարգ իրավիճակներ։

Ըստ ընկերության տնօրենի՝ տվյալները վկայում են, որ սահմանափակումները գործնականում արդյունավետ են․ քաղաքացիների մոտ 99 տոկոսը տարվա ընթացքում գրանցել է մինչև 8 կանչ, 0․5 տոկոսը՝ 8-20 կանչ, իսկ ևս 0․5 տոկոսը՝ գերազանցել է 20 կանչի շեմը։

Գրիգորյանը նշել է, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ–ն վերջին տարում վերազինվել է` ձեռք են բերել նոր մեքենաներ։

«Մեր ձեռքբերումներից է շտապօգնության 7 նոր մեքենայի գնումը։ Մենք դրանք ձեռք ենք բերել լիզինգով։ Այդ գումարի չափով ընկերությունը խնայողություն ունի, որն ավանդադրված է բանկում, իսկ պետությունն էլ լիզինգի դեպքում 10 տոկոսը սուբսիդավորում է։ Ավանդադրած գումարով մենք մայր գումարն ենք մարում, իսկ պետությունը՝ տոկոսները։ Այս մեքենաները բացի պարտադիր ապահովագրությունից ունեն նաև «Կասկո» ապահովագրություն։ Այդ մեքենաները 3 տարի կամ մինչև 150,000 կմ անվճար սպասարկվելու են։ Մեքենաներից մեկը ռեանիմոբիլ է՝ հագեցած արհեստական օդափոխության սարքով»,- ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ձեռք է բերվել նաև էլեկտրական անվասայլակ, որը շատ դեպքերում օգնում է, երբ հիվանդին ցուցված չէ պառկած տեղափոխել։ Արդեն այդ անվասայլակը կիրառվել է տարբեր քաշային կարգի մարդկանց տեղափոխելու համար, նույնիսկ 200 կգ քաշ ունեցող անձի։

Leave a Comment