Նոր, բարձր պաշտոն Փարաքարի համայնքապետի սպանությունից հետո պաշտոնանկ արված ոստիկանապետին

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ՆԳՆ քրեական ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից հեռացված գնդապետ Արթուր Բդոյանին նոր պաշտոնի են նշանակել ոստիկանության համակարգում։

Նա նշանակվել է ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում՝ որպես պետի տեղակալ, զբաղվելու է հանցագործությունների բնույթի վերլուծությամբ։

Նշենք, որ վերջերս նրա անունը շրջանառվում էր Շիրակի մարզպետի հավանական թեկնածուների շարքում, հատկապես, երբ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին կանչել էին մայրաքաղաք ու քննարկել նրա հավանական պաշտոնանկության հարցը։

Այդ ժամանակ խոսք եղավ այն մասին, որ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ Շիրակի մարզում պատրաստվում են մարզպետ նշանակել ուժային կառույցներում պաշտոն զբաղեցրած անձի։

Արթուր Բդոյանը նախքան Արմավիրի մարզ տեղափոխվելը՝ կարճ ժամանակով զբաղեցրել էր Շիրակի ոստիկանապետի պաշտոնը (մինչ այդ էլ ՝ 2019-2020 թվականներին մոտ մեկ տարի զբաղեցրել է Ամասիայի ոստիկանապետի պաշտոնը, դրանից հետո՝ Ախուրյանի ոստիկանապետի պաշտոնը), բայց հենց նրա անունը շրջանառվում էր մարզպետի հավանական թեկնածուների շարքում, ոստիկանության համակարգի աշխատակիցներն էին իրենց վրդովմունքը հայտնում: Նա, լինելով ոստիկանության հնաբնակներից՝ այդուհանդերձ, կադրային ոչ ճիշտ քաղաքականությամբ հասցրել էր կարճ ժամանակահատվածում իր դեմ հանել շիրակցի գործընկերներից շատերին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment