Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ընթացող ճգնաժամը օր-օրի ավելի մեծ անհանգստություն է առաջացնում բոլորիս մեջ։ Պատմությունը ցույց է տալիս, որ պետության կողմից հրահրված շիզմաները գրեթե միշտ ձախողվում են. ժողովրդի մեծամասնությունը երկարաժամկետ առումով վերադառնում է դեպի ավանդույթին եւ կանոնականություն (ինչպես ցույց են տալիս բազում պատմական օրինակներ)։
Ցավոք, իշխանություններին հաջողվել է հասարակության խորքային բաժանումը տեղափոխել նաեւ Եկեղեցուց ներս՝ ստեղծելով դասական սոցիալ-հոգեբանական եւ քաղաքական մոդել, որն իր սկզբնական փուլում գործում է ուժեղ պետական ճնշման տակ։ Այս գործընթացը ոչ մի լավ բանի չի հանգեցնի՝ ոչ Եկեղեցու, ոչ պետության, ոչ էլ մեր ժողովրդի համար։
Հատկապես մտահոգիչ է, որ քահանաներն ու եպիսկոպոսները այժմ, կարծես, ստիպված են լինում հանրայնորեն անձնական դիրքորոշում հայտնել։ Անձնական կարծիքը կարեւոր է, բայց քահանան կամ եպիսկոպոսը ներկայացնում է ոչ միայն ինքն իրեն, այլեւ ողջ համայնքը՝ բոլոր հետեւանքներով հանդերձ, ներառյալ միասնության եւ հավատքի ամբողջականության վրա ազդեցությունը։
Եթե իսկապես ցանկանում ենք բարեփոխումներ Եկեղեցում (եւ այո՝ կան հիմնավոր քննադատություններ), ապա դրանք պետք է լինեն կանոնականորեն անթերի, ներեկեղեցական երկխոսության միջոցով եւ ուղղված բուժման, ոչ թե պառակտման։
Դրա համար անհրաժեշտ է՝
• թողնել քաղաքական խաղերը,
• հրաժարվել փոխադարձ անբարոյական մեղադրանքներից,
• լուրջ ընդունել երկու կողմերի քննադատությունը,
• հնարավոր դարձնել իսկական երկխոսությունը՝ առանց ուլտիմատումների։
Հակառակ դեպքում սպասվում է երկարաժամկետ վնաս Եկեղեցու եւ պետության համար, ինչպես հստակ արտահայտել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր Սուրբ Ծննդյան եւ Ամանորյա պատգամում, կրկնելով առաքյալի խոսքը, թե՝ Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության (Ա Կոր. 14:33)։
Եվ մի մոռանանք. Հայ Առաքելական Եկեղեցին ոչ միայն Հայաստանի Հանրապետության Եկեղեցին է, այլեւ ամբողջ աշխարհի հայ քրիստոնյաների Եկեղեցին, արմատավորված մեր ընդհանուր պատմության եւ սփյուռքի մեջ։
Աղոթենք եւ աշխատենք միասնության, իմաստության եւ բուժման համար՝ մեր Եկեղեցու, ժողովրդի եւ հայրենիքի համար:
Տիրատուր քահանա Սարդարյան,
Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: